Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_310110471_1266174867516356_5277375729977088639_n
A A
Մշակույթ

Հոբելյանական 20-րդ «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը կրում է` «Հաջորդ 20 տարիները կլինեն ավելի լավը» խորագիրը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ կազմակերպվող «ՀԱՅ ՖԵՍՏ» կատարողական արվեստի միջազգային փառատոնն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 1-ից 8-ը: Հոբելյանական 20-րդ «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը կրում է “The next 20 years will be better!” «Հաջորդ 20 տարիները կլինեն ավելի լավը» խորագիրը:

Այս տարի «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը կհյուրընկալի 10 երկրից ժամանած ավելի քան 250 մասնակիցների և հյուրերի` այդ թվում հեղինակավոր արվեստագետների, արտմենեջերների, միջազգային փառատոնի նախագահների` Ռումինիայից, Ռուսաստանից, Կիպրոսից, Գերմանիայից, Իսրայելից, Էստոնիայից, Իրանից և այլ երկրներից:

Երևանյան 14 բեմահարթակներում կցուցադրվի ավելի քան 26 ներկայացում: Թատերասերները հնարավորություն կունենան դիտելու դրամատիկական, երաժշտական, պարային, մոնոներկայացումներ, մուլտիմեդիային, տիկնիկային, ֆիզիկական, շարժման, վիզուալ, կրկեսային, մանկական, ինչպես նաև բացօթյա ներկայացումներ:

Փառատոնի հեդլայները Սանկտ Պետերբուրգի Բորիս Էյֆմանի բալետի ակադեմիական թատրոնի «Ռոդեն` նրա հավերժ կուռքը» ներկայացումն է, որը կցուցադրվի փառատոնի շրջանակում:

Երևանյան թատրոններից «ՀԱՅ ՖԵՍՏ»-ի հիմնական ծրագրում հանդես կգան Երևանի Կամերային, «Համազգային», Հ. Թումանյանի անվան տիկնիկային և «Միհր» թատրոնները:

Հիմնական ծրագրից բացի փառատոնի ընթացքում կլինեն վարպետության դասեր՝ անվանի թատերական գործիչների կողմից, ինչպիսիք են՝ թատերագետ Անդրեյ Մոսկվինը (Լեհաստան), պրոդյուսեր Յուկկա Հիտտը (Ֆինլանդիա):

Փառատոնի բացումը կկայանա ս/թ հոկտեմբերի 1-ին՝ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում։ «ԷՄ Ստուդիո»-ն (Ռումինիա) կներկայացնի «Վերելակ» պարային ներկայացումը:

Որպես առաջին ներկայացում ընտրվել է Հ. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի կողմից բեմադրված «Դետեկտիվ Ալենը» ներկայացումը, որը նվիրված է 44-օրյա պատերազմի ժամանակ հերոսացած Արցախի հերոս, Ոսկե արծիվ շքանշանակիր Ալեն Մարգարյանին և գրված է նրա հեղինակային հեքիաթների հիման վրա։ Մեր նպատակն է արվեստի միջոցով զարգացնել մշակութային կյանքը ցանկացած պայմաններում:

Փառատոնի շրջանակում ներկայացումներ կցուցադրվեն նաև Գյումրիում և Վանաձորում:

«ՀԱՅ ՖԵՍՏ» կատարողական արվեստի միջազգային փառատոնն առաջին անգամ կայացել է 2003-ին: Փառատոնի հիմնադիր նախագահն է Արթուր Ղուկասյանը:

2019-2021թթ. Եվրոպական Փառատոների Ասոցիացիան թվով 715 Եվրոպական փառատոներից «ՀԱՅ ՖԵՍՏ» կատարողական արվեստի միջազգային փառատոնն ընտրել և ընդգրկել է 24 լավագույնների ցանկում: