Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Ֆրանսիան շարունակելու է լինել Հայաստանի կողքին․ Ժիլբեր-Լյուկ Դըվինազ (տեսանյութ)

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը՝ հայտնում են նախագահի աշխատակազմից։

Նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել ինչպես 44-օրյա պատերազմի ընթացքում, հետպատերազմյան շրջանում, այնպես էլ սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական հարձակման վերաբերյալ Ֆրանսիայի հասցեական հայտարարությունները, ինչպես նաև ադրբեջանական ագրեսիայի օրերին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ նախաձեռնելու Ֆրանսիայի ակտիվ ջանքերի ներդրումը:

Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, նշել, որ Ֆրանսիան շարունակելու է լինել Հայաստանի կողքին և մշտապես իր աջակցությունն է հայտնում խաղաղությանը միտված գործընթացին:

Պատվիրակության անդամների խնդրանքով նախագահը ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները, քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը։ Այս համատեքստում Վահագն Խաչատուրյանն ընդգծել է միջազգային հանրության արագ և համարժեք արձագանքի կարևորությունը:

Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամները կարևորել են տարածաշրջանում կայունություն և խաղաղություն ապահովելու, ինչպես նաև տարբեր ուղղություններով հարաբերություններն ընդլայնելու ծրագրերը: Նրանք գոհունակությամբ են արձանագրել, որ անգամ պատերազմից հետո ստեղծված բարդ իրավիճակում Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ ժողովրդավարության հիմնարար սկզբունքներին։