Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները հանդիպել են (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՍեպտեմբերի 5-ին աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Նախարար Միրզոյանը ցավակցություն է հայտնել Աֆղանստանում ՌԴ դեսպանության մոտ պայթյունի հետևանքով զոհերի առնչությամբ և շուտափույթ ապաքինում մաղթել տուժածներին:
Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը մանրամասն անդրադարձ են կատարել հայ-ռուսական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող մի շարք հարցերի, ներառյալ` առևտրատնտեստական և գիտամշակութային ոլորտներում համագործակցությանը։
Նշելով, որ այս տարի լրանում է Հայաստանի ու Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը և Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի 25-ամյակը, կողմերը գոհունակություն են հայտնել բոլոր, այդ թվում` ամենաբարձր մակարդակներում հաստատված ակտիվ երկխոսությամբ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում սերտ համագործակցությամբ:
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգության և կայունության խնդիրների լայն շրջանակ: Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման աշխատանքների վերաբերյալ։