Բացել լրահոսը Փակել լրահոսը
302720640_5518300798232639_7464797680295719603_n
A A
Մշակույթ Պաշտոնական

Ֆրանսիայում միջոցառում են կազմակերպել՝ նվիրված Արցախի անկախության օրվան

Սեպտեմբերի 2-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը մասնակցեց Արցախի անկախության օրվա կապակցությամբ Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ ռեգիոնի խորհրդի կողմից կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը, որի շրջանակներում համերգով հանդես եկավ Արցախի կամերային նվագախումբը։ Այս  մասին հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը:
 
Միջոցառմանը ներկա էին Օվերնյ-Ռոն-Ալպ ռեգիոնի խորհրդի նախագահ Լորան Վոքիեն, Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը, Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Անահիտ Հակոբյանը, Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ, քաղաքապետեր, շրջանային խորհրդի անդամներ, Ֆրանսիայի հայկական ասոցիացիացիների և կազմակերպությունների, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ։
 
Միջոցառման պաշտոնական բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան Օվերնյ-Ռոն-Ալպ ռեգիոնի խորհրդի նախագահ Լորան Վոքիեն, Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը և Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը:
 
Իր խոսքում դեսպան Տոլմաջյանը շնորհակալություն հայտնեց Օվերնյ-Ռոն-Ալպ ռեգիոնի խորհրդի նախագահ Լորան Վոքիեին` Արցախի անկախությանը նվիրված երեկոյի նախաձեռնության և այդ կապակցությամբ Արցախի կամերային նվագախմբին հրավիրելու համար։
 
Հայաստանի դեսպանն իր ջերմ երախտագիտությունը հայտնեց ռեգիոնին՝ Արցախին և արցախահայությանը ցուցաբերած շարունակական աջակցության համար՝ ընդգծելով, հատկապես, ռեգիոնի խորհուրդի կողմից՝ Արցախի դեմ սանձազերծված ռազմական ագրեսիայի օրերին ի նպաստ Արցախի անկախության ճանաչման ընդունված որոշումն ու պատերազմի հումանիտար հետևանքների հաղթահարման համար տրամադրված մարդասիրական օգնությունը։ Դեսպան Տոլմաջյանը նշեց նաև, որ Արցախի կամերային նվագախմբի կատարմամբ նման խորհրդանշական համերգի կազմակերպումն այդ շարունակական աջակցության և համերաշխության ևս մեկ դրսևորում է։
 
Համերգի ընթացքում հնչեցին Կոմիտաս վարդապետի, Առնո Բաբաջանյանի, հայ և օտարազգի այլ անվանի կոմպոզիտորների ստեղծագործությունները։