Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+chess evropa 1
A A
Սպորտ

Հայաստանի շախմատիստուհիներին սպասվում է մրցապայքար ադրբեջանցիների հետ

Չեխիայում մայրաքաղաք Պրահայում ընթացող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում շարունակում են հաջող հանդես գալ Հայաստանի շախմատիստուհիները:

Կայացած 8 տուրից հետո գրոսմայստեր Մարիա Գևորգյանը վաստակել է 6,5 միավոր և ընթանում է 2-րդ հորիզոնականում: Նա ընդամենը կես միավոր է զիջում մրցաշարի միանձնյա առաջատար, լեհ Մոնիկա Սոչկոյին: Լիլիթ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը 6-ական միավորով հետապնդում են առաջատարներին: Մեր այս եռյակը լրջորեն պայքարում է Եվրոպայի մեդալների համար:

Աննա Սարգսյանն ունի 5 միավոր և տեսականորեն դեռ հավակնում է մրցանակային տեղերի, բայց դրա համար հարկավոր է հաթանակ տանել մնացած երեք տուրերում: Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը չնայած հաղթանակ տարան ընթացիկ տուրում, սակայն նրանք արդեն դուրս են մնացել մեդալային պայքարից, քանի որ իրենց հաշվին գրանցել են 4,5-ական միավոր:

Այսօր կկայանան 9-րդ տուրի պարտիաները: Մարիա Գևորգյանը սևերով կմրցի Ադրբեջանի ներկայացուցիչ Գունայ Մամադզադայի հետ, որը վաստակել է 6 միավոր: Լիլիթ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը համակարգչի որոշմամբ հանդիպելու են իրար հետ: Սպիտակներով հանդես կգա Լիլիթը: Աննա Սարգսյանի թվով 9-րդ մրցակիցը ադրբեջանուհի Լաման Հաջիևան է:

Առաջնությունը կավարտվի օգոստոսի 31-ին