Բացել լրահոսը Փակել լրահոսը
նորայր նորիկյան (2)
A A
Քաղաքականություն

Ե՞րբ եք պատրաստվում իրագործել Ձեր նախընտրական խոստումը և կրճատել պարտադիր ժամկետային զինծառայության ժամկետը վեց ամիս ժամանակով

2021թ. օգոստոսի 18-ին ինքս հրապարակեցի մի գրառում՝ ընդգծելով, որ այսուհետ ՀՀ ցանկացած կառավարություն պետք է պատասխանատվություն կրի իր կողմից ներկայացված ծրագրի չիրագործման համար՝ իր ֆեյսբուքյան էջում գրել է «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը:
Նա նշել է.
 
«Գրառումը պայմանավորված էր նույն օրը կառավարության նիստում հավանության արժանացած նոր կառավարության հնգամյա ծրագրին ծանոթանալուց հետո, որը պետք է ներկայացվեր Ազգային Ժողով՝ հավանություն ստանալու համար։ Մանրամասնենք, թե ինչի մասին է խոսքը:
 
Արտահերթ Խորհրդարանական ընտրություններից առաջ և ընթացքում, ինչպես Նիկոլ Փաշինյանը, այնպես էլ քաղաքական մեծամասնության բազմաթիվ ներկայացուցիչներ, այդ թվում նաև անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հստակ հայտարարել են, որ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ժամկետը կրճատվելու է մինչև 6 ամիս ժամկետով:
 
Ավելի՛ն, գործող կառավարության 2021-2026թթ. ծրագրի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ. ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ բաժնում սևով սպիտակի վրա ամրագրվել է, որ …առաջիկայում Կառավարությունը ձգտելու է զինծառայության ժամկետների կրճատմանը՝ ի հաշիվ պայմանագրային ծառայության աճի։
 
Իսկ այժմ իրենց նախընտրական խոստումները, ինչպես նաև Կառավարության կողմից հաստատված և նորընտիր Ազգային Ժողովի կողմից հավանության արժանացած կառավարության հնգամյա ծրագրի դրույթները կատարելու փոխարեն նախագիծ է դրվել շրջանառության մեջ այն մասին, որ հարուստները կարող են փող տալ ու չծառայել բանակում:
 
Դուք ընտրվելիս նման բան չեք խոստացել մեր ժողովրդին: Կառավարության ծրագրում նման ակնարկ անգամ գոյություն չունի: Այդ մասին Դուք չեք խոսել նաև նախընտրական արշավի ընթացքում:
Ճիշտ հակառակը, հիմա դուք փորձում եք իրականացնել այնպիսի գաղափար, որը հակասում է Ձեր նախընտրական, ինչպես նաև կառավարության ծրագրի էությանն ու բովանդակությանը:
 
Հարց. Կոնկրետ ե՞րբ եք պատրաստվում իրագործել նախընտրական Ձեր խոստումը և կրճատել պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ժամկետը վեց ամիս ժամանակով:
 
Երիցս պնդում եմ, որ ինձ համար առաջին հերթին կարևոր է պատասխանատվության ինստիտուտի անշրջելիության գաղափարի արմատավորումը, այլ կերպ ասած՝ Հայաստանի ցանկացած կառավարություն այսուհետ պետք է պատասխանատվություն կրի իր կողմից ներկայացված ծրագրի չիրագործման համար, ինչ պատճառով էլ որ այն իրագործված չլինի։
 
Միայն պատասխանատվության ինստիտուտի արմատավորման միջոցով մենք կարող ենք հասնել ստանձնած հանձնառությունների լիարժեք իրագործմանը, հակառակ դեպքում՝ ցանկացած կառավարություն կարող է ներկայացնել այս կամ այն ծրագիրը, հետո չիրագործել այն, հետո ներկայացնել տարբեր դրդապատճառներ ու արդարացումներ, թե ինչու դրանք կյանքի չեն կոչվել»։