Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Մասիսում ինքնասպան եղած տղամարդն ասել է, որ խնդիր ունի մի խումբ պաշտոնյաների հետ. ՔԿ (տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի  Արարատի  մարզային  քննչական  վարչության Մասիսի  քննչական   բաժնում  նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ Մասիսի քաղաքապետարանում տեղի ունեցած ահաբեկչության դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: 

Հիշյալ դեպքի առթիվ հաղորդումը ստացվել է 2022 թվականի օգոստոսի 15-ին՝ ժամը 17:40-ին, ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից և տեղեկացվել, որ Մասիս քաղաքի 36-ամյա բնակիչը հայտնել է, թե խնդիր ունի նույն քաղաքի մի խումբ պաշտոնատար անձանց հետ՝ հավելելով, որ հնարավոր է քիչ հետո ինքը և 10 անձ մահանան: Նույն օրը ժամը 21:20-ի սահմաններում   նույն տղամարդը գնացել է Մասիսի  համայնքապետարանի վարչական շենք, ավտոմեքենան կայանել մուտքի դիմաց, մտնելով ներս՝ հրել է պահակին,  հայհոյանքներ  հնչեցնելով  բարձրացել է շենքի  4-րդ  հարկ,  որտեղից  նռնակ է  նետել դեպի դուրս և 2 անգամ կրակոց արձակել: 

Տղամարդուն վնասազերծելու ուղղությամբ ՀՀ ոստիկանության կողմից  ձեռնարկված   միջոցառումների  շրջանակներում  2022 թվականի  օգոստոսի  20-ին՝  ժամը  00:30-ի սահմաններում,  Մասիսի   համայնքապետարանի   4-րդ հարկում   տեղակայված՝   համայնքի   ղեկավարի   աշխատասենյակում  հայտնաբերվել է 36-ամյա տղամարդու դին՝ գլխի քունքային հատվածում հրազենային  մուտքային  և ելքային  վնասվածքով:

Կատարված  դեպքի  վայրի զննությամբ  համայնքապետարանի  վարչական շենքի  առջև   գտնվող   տարածքում  հայտնաբերվել է պայթյունի  օջախ  և  բեկորային վնասվածքներով   «Մազդա »  և «Ռենո»  մակնիշի  ավտոմեքենաներ:

36-ամյա տղամարդուն  ինքնասպանության  հասցնելու  դեպքի առթիվ ևս նախաձեռնվել է քրեական վարույթ, որը միացվել է վերոնշյալ քրեական վարույթին:       

Նախաքննության ընթացքում կատարվել են հարցաքննություններ,  առգրավումներ, նշանակվել է փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ