
Մարդկանց տնազուրկ են անում, բայց աշխարհը լուռ է. Թ․ Թովմասյանը՝ Բերձորի և Աղավնոյի բնակիչների տեղահանման մասին
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախում Բերձոր և Աղավնո բնակավայրերի բնակիչների խախտված իրավունքների մասին Ա1+ը զրուցել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի հետ։
Տիկին Թովմասյան, Բերձորի և Աղավնոյի բնակիչները ստիպված կլինեն մինչև օգոստոսի 25-ը լքել իրենց տները։ Ստացվում է, որ ուժի սպառնալիքի տակ տեղահանություն է իրականացվում բնակիչների հանդեպ։ Արդյո՞ք սա մարդու իրավունքների խախտում չէ և այս առումով միջազգային հարթակներում ի՞նչ լծակներ կան, որ մեր իշխանությունը պետք է իրականացնի, սակայն չի կատարում։ Ըստ ձեզ, որ փաստաթղթով է այս ամենն արվում։
-Շատ ցավոտ հարց եք բարձրացնում՝ ճիշտ շեշտադրումներով: Արդեն ՀՀ վարչապետից մի շարք հարցերի մասով գրավոր պարզաբանումներ եմ պահանջել: Ի թիվս այլ հարցերի, նաև պահանջելով հայտնել, թե ինչ իրավական ակտի հիման վրա է իրականացվում տեղահանումը: Կամ, ընդհանրապես, մեր հայրենակիցներին հայրենազրկելը ինչ իրավական անհրաժեշտություն ունի: 21-րդ դարում, քաղաքակիրթ մարդկության աչքի առջև հայերը ստիպված են լքել իրենց տունը, որպեսզի չսպանվեն: Սա անընդունելի է և որևէ կերպ չի բխում խաղաղության դարաշրջանի սկզբունքից: Նիկոլ Փաշինյանի կառավարումը հոմանիշ է դարձել հայրենազրկում բառի. կորցնում ենք մեր հայրենիքը՝ կտոր-կտոր:
Այդ ամենը կարո՞ղ ենք միջազգային ատյաններում օգտագործել Ադրբեջանի դեմ սանկցիաների համար։
-Ադրբեջանի յուրաքանչյուր գործողություն հայերի նկատմամբ՝ էթնիկ զտումների ու ցեղասպանության քողարկված կամ բացահայտ նպատակ ունի: Մեր հակաքայլերը նրանց նկատմամբ մինչ օրս գոհացուցիչ չեն, քանի որ բոլոր հանցագործությունների հետքերով մեր՝ հայկական կողմը ցավոք չի գնացել:
Չգիտեմ, կկարողանա՞ն այս երևույթը դարձնել միջազգային ճնշման գործիք: Ադրբեջանի գործած անհաշվելի հանցանքների պայմաններում դեռ չունենք տպավորիչ հաղթանակներ միջազգային արենայում:
Իսկ Հայաստանի իշխանությունը որքանո՞վ է կարողանում իրականացնել արցախահայերի իրավունքների պաշտպանություն և ինչքանով վստահ լինենք, որ Ադրբեջանը հետագայում չի պահանջի, որ Արցախի այլ բնակավայրերից ևս բնակիչներ տեղահանվեն։
-Չեմ կարող ասել, թե Ադրբեջանի ախորժակը որքան կբացվի, քանի որ հայտնի ճշմարտություն կա՝ ախորժակն ուտելիս է բացվում: Իսկ արցախահայերի իրավունքները վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այնքանով է պաշտպանել, որ այսօր մարդկանց տնազուրկ են անում, բայց աշխարհը լուռ է:
Իշխանությունը կարծես թե ավելի մեծ ուշադրություն է դարձնում հակաիշխանական քաղաքական գործիչներին։ Կա՞ն քաղաքական հետապնդումներ այսօր։
-Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ամենաօպերատիվ կերպով գործում է այն ժամանակ, երբ քաղաքական հաշվեհարդարի, վրեժխնդրության «գործ է բացվում»: Ընդդիմադիրների նկատմամբ քաղաքական այնպիսի ճնշումներ են գործադրվում, որ անգամ նախկինում չի եղել։ Օրինակ՝ կհիշեք նախկինում ընդդիմադիր որևէ պատգամավորի ԱԺ թիկնապահները ամբիոնից հեռացնեն խոսելու, քննադատելու համար: Չմոռանանք նաև Արմեն Գրիգորյանի մահը դատարանի դահլիճում:
Դուք այժմ գտնվում եք Գեղարքունիքի մարզում, մի քանի օր առաջ այդտեղ իրավիճակը լարված էր, վիրավոր ունեցանք։ Այժմ իրավիճակը ինչպես է։
-Գրեթե ամենօրյա ռեժիմով կրակոցներ կան մեր սահմանին. դրանք լսելի են: Մարդկանց մոտ կա անհանգստություն և անորշություն՝ սեփական ապագայի նկատմամբ: Ապագա չկա այս պայմաններում. խաղաղութjան մասին ոչ թե պետք է Եվրոպաներում ժպիտով խոսել, այլ գործնական քայլեր իրականացնել հայրենիքի պաշտպանության, սահմանների ամրության համար:
Իսկ այդտեղ ռուսական զորամիավորումներ կա՞ն։
-Ես չեմ տեսել: