Բացել լրահոսը Փակել լրահոսը
դատարան
A A
Քաղաքականություն

Նոյեմբերի 9-ի զանգվածային անկարգությունների գործով վերաքննիչ բողոք է ներկայացվել

2020 թ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերվա  զանգվածային անկարգությունների գործով դատապարտված Անրրի Սեդոյանի եւ Կարեն Մարությանի գործով վերաքննիչ բողոք է ներկայացվել։

  Այս տարվա հունիսի 13-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը Կարեն Մարությանին դատապարտեց 6 , իսկ Անրրի Սեդոյանին՝ 3 տարվա ազատազրկման։

 Մեղադրողը  միջնորդել էր  Անրրի Սեդոյանին դատապարտել 7, իսկ Կարեն Մարությանին՝ 8 տարվա ազատազրկման։

  Կարեն Մարությանը եւ Անրրի Սեդոյանը մեղադրվում էին 2020 թվականի նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում բազմաթիվ անձանց հետ գույք ոչնչացնելով և վնասելով զուգորդված զանգվածային անկարգություններին մասնակցելու համար։

Մեղադրանքում նաեւ նշվում է, որ   Կարեն Մարությանը Անրրի Սեդոյանի  հետ նախնական համաձայնության գալով՝  ՀՀ կառավարության շենքի թիվ 218, 219 և 402 աշխատասենյակներ  ապօրինի մուտք գործելով՝ խոշոր չափերով ուրիշի գույքի բացահայտ հափշտակություն է կատարել։

  Անրրի Սեդոյանի պաշտպան Արսեն Մկրտչյանն «Ա1+»-ին տեղեկացրեց, որ արդարացման հիմքով է բողոք ներկայացրել։ Ըստ նրա՝ տեսանյութերից պարզ երեւում է, որ այնտեղ զանգվածային անկարգություն չկա, խումբ է եղել։ Իսկ  իրավակիրառական պրակտիկայում խմբի կազմում զանգվածային անկարգության եզրույթ չկա։

  Ի դեպ, Անրրի Սեդոյանը առողջական լուրջ խնդիրներ ունի, սակայն հանձնաժողովային փորձաքննություն դեռ չի նշանակվել։

  Գործով անցնող Կարեն Մարությանի պաշտպան Գարիկ Գալիկյանը եւս պահանջում է արդարացնել նրան։