Բացել լրահոսը Փակել լրահոսը
IMG_7616-1
A A
Պաշտոնական

Փոխվարչապետ Մաթևոսյանն ընդունել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլլա Շահիդին

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլլա Շահիդին և նրա գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են նաև Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահյան, այլք։

Փոխվարչապետը ողջունել է Աբդուլլա Շահիդին Հայաստան կատարած առաջին այցի կապակցությամբ և այն խորհրդանշական համարել, քանի որ այս տարի լրանում է ՄԱԿ-ին մեր երկրի անդամակցության 30-ամյակը: Համբարձում Մաթևոսյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահի ջանքերը՝ ուղղված համաճարակի բացասական հետևանքների դեմ պայքարին և այդ նպատակով միջազգային հանրության ջանքերը համախմբելուն։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստան-ՄԱԿ գործընկերությանը, ընդգծել 2030թ.-ի օրակարգի համատեքստում ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը։ Հայաստանի փոխվարչապետն ու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահը կարևորել են տարածաշրջանում խաղաղության, անվտանգության պահպանումը և մարդու իրավունքների գերակայությունը։ Այդ համատեքստում Աբդուլլա Շահիդը ողջունել է Հայաստանի կողմից գործադրվող ջանքերը՝ տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատման ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում փոխվարչապետն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղում հումանիտար կարիքների լուծման հարցում ՄԱԿ-ի ներգրավվածության անհրաժեշտությանը, այնուհետև՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, այդ համատեքստում ընդգծելով, որ Հայաստանը հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո, որը մնում է միակ միջազգայնորեն լիազորված միջնորդական ձևաչափը։

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյան գրասենյակ