Ով ինչ ասաց եվրոպացի պաշտոնյային․ ընդդիմադիրներն ու իշխանականներն հանդիպեցին Դեյվիդ Մքալիսթերին
Աջակցիր «Ա1+»-ինՄի շարք ուղղություններով Հայաստանն արձանագրել է առաջատար արդյունքներն Արեւելյան գործընկերության երկրների շարքում
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի գլխավորությամբ հուլիսի 22-ին Ազգային ժողովում ընդունել են Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի (AFET) նախագահ Դեյվիդ Մքալիսթերի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը եւ արձանագրվել մի շարք ուղղություններով Հայաստանի առաջատար արդյունքներն Արեւելյան գործընկերության երկրների շարքում:
Անդրադարձ է կատարվել խորհրդարանական աշխատանքների ընթացքին եւ նշվել, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Հայաստանում ժողովուրդը հաստատել է իր աներկբա իշխանությունը:
Արձանագրվել է, որ իշխող մեծամասնությունը հանձնառու է ամրապնդելու եւ զարգացնելու ժողովրդավարական ինստիտուտները Հայաստանում` ունենալով քաղաքացիների ամուր աջակցությունը:
«Ուժեղացրեք անվտանգային իրավիճակը Լեռնային Ղարաբաղում»
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամներ Աննա Գրիգորյանը եւ Արթուր Խաչատրյանը հուլիսի 22-ին հանդիպել են Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահ Դեյվիդ Մքալիսթերի գլխավորած պատվիրակությանը: Դեյվիդ Մքալիսթերը հայտնել է, որ ցանկանում են ծանոթանալ խորհրդարանական ընդդիմության տեսակետներին եւ առաջարկներին` կապված ներքաղաքական զարգացումների, ՀՀ կառավարության կողմից վարվող արտաքին քաղաքականության, դրա այլընտրանքների եւ այլ հարցերի հետ:
Խմբակցության անդամ Աննա Գրիգորյանի խոսքով` պատվիրակությունը Հայաստան է այցելել մեր երկրի համար դժվարին ժամանակներում, երբ շատ լուրջ սահմանային խնդիրներ կան Ադրբեջանի հետ, երբ լուծված չէ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, երբ ադրբեջանական զորքերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք եւ առայսօր գտնվում են այնտեղ` Սյունիքում եւ Գեղարքունիքում: Աննա Գրիգորյանն ընդգծել է, որ եթե չլուծվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, հակամարտության ավարտի մասին խոսել չի կարելի: «Կարգավիճակի հարցը պետք է լուծել հետագա բանակցությունների միջոցով»,- շեշտել է նա:
Խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանը ներկայացրել է ԼՂ հակամարտության խնդիրը` անդրադառնալով դրա կարգավորման ուղիներին եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք հայտնի սկզբունքներին: «1992 թ. ի վեր բոլոր միջազգային փաստաթղթերում մեկ հստակ ուղերձ է եղել, որը չի փոփոխվել 30 տարի շարունակ, մասնավորապես, ուժի կիրառման անընդունելիությունը: Այսպիսով, Ադրբեջանը խախտել է այս բոլոր կոչերը` 2020 թ. սանձազերծելով պատերազմ եւ փոխելով ստատուս-քվոն: Միջազգային հանրությունը եւ, մասնավորապես, Եվրամիությունը, եթե համաձայնում են այս ստատուս-քվոյին, ապա նշանակում է, որ նրանք թույլ են տալիս Ադրբեջանին անտեսել այն կոչերը, որոնք սեղանին դրված են եղել 30 տարի շարունակ, մասնավորապես, խախտել Հելսինկիի վերջնական եզրափակիչ ակտի սկզբունքները, այսինքն` ուժի կիրառման եւ ուժի կիրառման սպառնալիքի բացառումը` իրավիճակը փոխելու նպատակով»,- ընդգծել է պատգամավորը:
Խմբակցության անդամները նաեւ անդրադարձել են Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացմանը, էթնիկ զտումների քաղաքականությանը ԼՂ-ում: «Պետք է հարգվի ԼՂ բնակչության ինքնորոշման իրավունքը: Ուժեղացրեք անվտանգային իրավիճակը Լեռնային Ղարաբաղում»,- ընդգծել է Արթուր Խաչատրյանը` դիմելով եվրոպացի գործընկերներին:
«Թուրքիայի հետ հարաբերությունները չպետք է փոխկապակցված լինեն ղարաբաղյան հակամարտության եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ»
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, քարտուղար Տիգրան Աբրահամյանը եւ պատգամավորներ Տարոն Մարգարյանն ու Մարտուն Գրիգորյանը հուլիսի 22-ին հանդիպել են Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահ Դեյվիդ Մքալիսթերի գլխավորած պատվիրակությանը:
Հայկ Մամիջանյանը տեղեկացրել է, որ վերջերս դիմել է Ադրբեջանի խորհրդարանի խոսնակին` հանդիպելու հայ ռազմագերիների եւ Ադրբեջանում պահվող ՀՀ քաղաքացիների հետ: Նրա խոսքով` հանդիպումը կրելու է մարդասիրական բնույթ:
Նա նաեւ մատնանշել է ԱԺ աշխատանքներին խորհրդարանական ընդդիմության չմասնակցելու պատճառները:
Դեյվիդ Մքալիսթերը կարեւորել է ընդդիմության հետ հանդիպումը, հետաքրքրվել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման նրանց դիրքորոշմամբ:
Հայկ Մամիջանյանը տեղեկացրել է, որ իրենց կուսակցությունը դեմ չէ Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացմանը, սակայն առանց նախապայմանների: «Թուրքիայի հետ հարաբերությունները չպետք է փոխկապակցված լինեն ղարաբաղյան հակամարտության եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ»,- ասել է պատգամավորը: «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը, անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին, տեղեկացրել է, որ այս պահին Հայաստանի սուվերեն տարածքում ադրբեջանցի զինյալներ կան:
Խորհրդարանականները շնորհակալություն են հայտնել պատվիրակության անդամներին` վերջերս Եվրոպական խորհրդարանի կողմից չորս հայանպաստ բանաձեւերի ընդունման համար: