Բացել լրահոսը Փակել լրահոսը
293510145_586486452846149_2096358579611619343_n
A A
Մշակույթ

Կոնստանտին Օրբելյանը շարունակում է Նյու Յորքում մեծածավալ նախագծերը աշխարհահռչակ արտիստների մասնակցությամբ

Ուղիղ մեկ տարի է, ինչ մաեստրո Կոնստանտին Օրբելյանը նշանակվել է Նյու Յորքի քաղաքային օպերայի երաժշտական ղեկավար և գլխավոր դիրիժոր։ Այդ ընթացքում մաեստրոն հասցրել է իրագործել մի քանի մեծածավալ նախագծեր, որոնց շարքում հատկապես առանձնանում է բացօթյա համերգ-ներկայացումների պարբերական շարքը, որով էլ նորովի վերածնունդ տրվեց Նյու Յորքի օպերային թատրոնի գործունեությանը։

«Հատկապես համավարակին հաջորդող տարվա ընթացքում հանդիսատեսը, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Ամերիկայում մեծ ցանկություն ուներ տնից դուրս գալու, մասնակից դառնալու մշակութային իրադարձությունների․ բացօթյա համերգային նախագծերի իրականացումը հենց այդ նպատակին էր միտված՝ աստիճանաբար վերականգնել մշակութային, երաժշտական կյանքի խաթարված ընթացքը, մարդկանց համար ստեղծել նպաստավոր պայմաններ, որպեսզի դարձյալ այցելեն դասական երաժշտության համերգների, ներկայացումների»,- նշում է մաեստրո Օրբելյանը։

Նյու Յորքում Կոնստանտին Օրբելյանը շարունակում է հագեցած ստեղծագործական գրաֆիկով աշխատել՝ մեծածավալ նախագծեր իրականացնելով աշխարհի նշանավոր արտիստների մասնակցությամբ։ Անվանի դիրիժորի ղեկավարությամբ գործող օպերային թատրոնն այս տարի նույնպես ամռան ամիսների համար համերգային ներկայացումներ է նախատեսել Նյու Յորքի Բրայան պուրակում։

«Օգոստոսի 12-ին հանդիսատեսը հնարավորություն կունենա Բրայան պուրակում վայելելու Վերդիի հիասքանչ «Տրավիատա» օպերան տաղանդաշատ տենոր Չարլզ Կաստրոնովայի և անզուգական սոպրանո Եկատերինա Սյուրինայի կատարմամբ, ում հետ ես բազմիցս ելույթ եմ ունեցել։ Մենք անմոռաց համերգներ ենք ունեցել Դմիտրի Խվորոստովսկու հետ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում՝ «Խվորոստովսկին և ընկերները» ամենամյա փառատոնի ընթացքում։ Մեզ հետ միասին ելույթ կունեա ամերիկացի նշանավոր բարիտոն Մայքլ Չիոլդին, ով անցյալ ամռանն ինձ հետ միասին ներկայացրեց Ջ․ Վերդիի «Ռիգոլետտո» օպերան։ Նույն վայրում սեպտեմբերի 2-ին ամերիկացի նշանավոր սոպրանո Սառա Կոբերնի հետ միասին կներկայացնենք «Լուչիա դի Լամերմուրը»,-ասում է նա։

«Հենց այս երգչուհու հետ էլ ես ձայնագրել եմ Բելլինիի «Պուրիտաններ» օպերան Կաունասի սիմֆոնիկ նվագախմբի և ամերիկացի տենոր Նաթան Գրանների մասնակցությամբ։ Արդեն վստահաբար կարող ենք ասել, որ բացօթյա համերգային ներկայացումների այս նախագծերը հաջողություն ունեցան և վերականգնեցին նաև Նյու Յորքի քաղաքային օպերայի լավագույն ավանդույթները։ Արտիստին բեմ է պետք, անդադար կապ հանդիսատեսի հետ, իսկ հանդիսատեսն էլ մեծ բավականությամբ է այցելում այսօրինակ համերգներին։ Այսօր այսպիսի համերգ-ներկայացումները, հատկապես ամառային ամիսներին, մեծ պահանջարկ ունեն և մենք այն կդարձնենք պարբերական»,- ընդգծեց Նյու Յորքի քաղաքային օպերայի երաժշտական ղեկավար և դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը։

«Հուլիսի 20-ին նշանավոր Napa Velly փառատոնի շրջանակում ղեկավարեցի It's ALL Tchaikovsky ծրագիրը, որում հանդես  եկա դաշնակահար Դմիտրի Մասլեևի և ջութակահարուհի Տեսս Լարկին, իսկ հուլիսի 23-ին աշխարհահռչակ սոպրանո Լարիսա Մարտինեսի և մեր ժամանակների ամենանշանավոր ջութակահարներից մեկի՝ Ջոշուա Բելլի հետ համատեղ կներկայացնենք «Ձայնը և Ջութակը» համերգային ծրագիրը»,- տեղեկացրեց մաեստրո Օրբելյանը։

Ի դեպ, Napa Velly ամենամյա փառատոնի միջոցով դասական երաժշտական արվեստը լայնորեն հանրահռչակվում է ամերիկյան իրականությունում՝ իր շուրջը համախմբելով աշխարհահռչակ արտիստների։ Ամեն տարի փառատոնին մասնակցում է ավելի քան 10000 հանդիսատես։ Փառատոնից ստացված հասույթն ուղվում է երիտասարդական բարեգործական կազմակերպությունների ծրագրերի իրագործմանը։

Հիշեցնենք, որ Կոնստանտին Օրբելյանը 2016-2021 թվականներին Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարն էր և հայրենիքում աշխատանքային պայմանագրի ավարտից հետո մաեստրոն նշանակվեց Նյու Յորքի քաղաքային օպերայի երաժշտական ղեկավարի ու գլխավոր դիրիժորի պաշտոնում, որտեղ էլ արդեն մեկ տարի է շարունակում է աշխատանքային-ստեղծագործական գործունեությունը՝ մշտապես ակտիվորեն կապը պահելով Հայաստանի և հայ օպերային արտիստների, երաժիշտների հետ՝ աջակցելով նրանց գործունեությանը համաշխարհային ասպարեզում։