Բացել լրահոսը Փակել լրահոսը
1-770x510
A A
Քաղաքականություն Պաշտոնական

Պահպանողական կուսակցությունը համագումար կանի՝ ընտրելու նոր նախագահի

Պահպանողական կուսակցությունը՝ ի դեմս ՊԿ նախագահի պաշտոնակատար Թաթուլ Մկրտչյանի, հայտարարությամբ են հանդես եկել, որում ասվում է․ Պահպանողական կուսակցությունը ի գիտություն է ընդունում Միքայել Հայրապետյանի՝ կուսակցության նախագահի պաշտոնից հրաժարական տալու և կուսակցությունից դուրս գալու դիմումը, շնորհակալություն հայտնում երկարամյա գործունեության համար և հաջողություն մաղթում նրան։ ՊԿ նոր նախագահի ընտրությունը կկազմակերպվի արտահերթ համագումարում, որտեղ նաև հաշվետու զեկույցով հանգամանալից անդրադարձ կկատարվի նախկին նախագահի գործունեությանը։

ՊԿ-ն հայտարարում է, որ վերահաստատում է իր նվիրվածությունը պահպանողական սկզբունքներին և արժեքներին, անկախությանն ու ժողովրդավարությանը, ջանք է գործադրելու կուսակցության հեղինակությունը բարձրացնելու, գործուն անդամներով համալրվելու, ազգայնական և ժողովրդավարական ուժերի հետ գործակցության, համապետական և ՏԻՄ ընտրություններում հաջողության հասնելու ուղղությամբ։

Հիշեցնենք, որ կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել՝ նշելով․ «Ընդունում եմ իմ տեսակի և անձամբ իմ պարտությունը ներկա բարոյազուրկ դասավորության պայմաններում, սույնով հայտարարում եմ Պահպանողական կուսակցության նախագահի պաշտոնից և անդամությունից իմ հրաժարման մասին»։