Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ
A A
Քաղաքականություն

Փաշինյանի ուղերձը Վրաստանի վարչապետին

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետին

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ Հայաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ: Ուղերձում նշված է.

 

«Հարգելի պարոն Ղարիբաշվիլի, սիրելի Իրակլի,

 

Սրտանց շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ։

 

Իրավամբ կարող եմ նշել, որ 30 տարին հայ և վրացի ժողովուրդների դարավոր տարեգրության մեջ ընդամենը մի ակնթարթ է, սակայն անկախությունը վերականգնած մեր երկու երկրների նորօրյա պատմության մեջ այն բնորոշվում է որպես բարիդրացիական միջպետական հարաբերությունների հաստատման ու կայացման կարևորագույն ժամանակաշրջան, որը հարուստ է նշանակալի ձեռքբերումներով և հաջողություններով:

 

Մեր պատմամշակութային հարուստ ժառանգության և նույնական արժեհամակարգի վրա խարսխված երկու եղբայրական ժողովուրդների ավանդական բարեկամական հարաբերությունները հետևողական աշխատանքի ու սերտ համագործակցության շնորհիվ շարունակում են ավելի ամրանալ՝ դրանով իսկ նախադրյալներ ստեղծելով հետագա համագործակցության և պետականաշինության համար:

 

Հայաստանը մշտապես մեծ կարևորություն է տվել հարևան և բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունների շարունակական զարգացմանն ու ամրապնդմանը, իսկ երկու երկրների միջև բարձր մակարդակի հանդիպումների ինտենսիվությունը վկայում է առկա փոխշահավետ համագործակցությունը բոլոր ուղղություններով առավել ընդլայնելու մեր հաստատուն հանձնառության մասին:

 

Վստահ եմ, որ հայ-վրացական հարաբերությունները զարգացնելու փոխադարձ ձգտումը և պաշտոնական մակարդակում վստահելի երկխոսությունն այսուհետ ևս կկանխորոշեն մեր ընդհանուր ջանքերը՝ ի շահ երկու ժողովուրդների:

 

Հարգանքով և լավագույն մաղթանքներով՝

 

Նիկոլ Փաշինյան»։