Տրվել է քաղաքաշինական 1480 թույլտվություն
Աջակցիր «Ա1+»-ինՔաղաքաշինության կոմիտեն տեղեկացնում է, որ էլեկտրոնային եղանակով տրամադրվող քաղաքաշինական թույլտվությունների քանակն օրեցօր ավելանում է: 2022թ. առաջին կիսամյակի ընթացքում www.e-Permits.am միասնական համակարգում արդեն գրանցվել է 1100 օգտատեր, ներկայացվել է 2210 դիմում և տրամադրվել 1480 թույլտվություն։ ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ 2022 թվականի հունվարի 1-ից հանրապետության խոշորացված 4 համայնքում նախագծման և շինարարության թույլտվությունները տրամադրվում են բացառապես էլեկտրոնային եղանակով՝ www.e-Permits.am համակարգի միջոցով: Համակարգից օգտվում է Կոտայքի մարզի Նաիրի, Արմավիրի մարզի Վաղարշապատ, Արարատի մարզի Մասիս և Լոռու մարզի Վանաձոր համայնքների 41 բնակավայր:
Շինարարության ոլորտի ցուցանիշները վկայում են, որ տարբեր գերատեսչություններից և կազմակերպություններից «մեկ պատուհան» սկզբունքով միաժամանակյա համաձայնեցումներ ստանալու «e-Permits» համակարգի հնարավորության շնորհիվ բնակարանաշինությունը նշված համայնքներում ակտիվացել է:
Վեց ամիսների արդյունքները հաշվի առնելով՝ Քաղաքաշինության կոմիտեն շարունակելու է թվայնացման գործընթացը՝ առաջիկայում ներգրավելով նոր համայնքներ: Հիշեցնենք, որ մինչև 2025 թվականի հունվարի 1-ը Հայաստանի բոլոր համայնքներում պետք է անցում կատարվի քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման էլեկտրոնային համակարգի կիրառությանը: Մինչ այդ, համակարգի կիրառման ընթացքում առաջացող խնդիրների, ի հայտ եկած թերությունների շտկմամբ համակարգը պարբերաբար կկատարելագործվի:
ՀՀ քաղաքաշինության կոմիտե