Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ինչպես է աշխատելու առողջության պարտադիր ապահովագրության համակարգը (տեսանյութ)

2023 թվականից առողջության համապարփակ ապահովագրությունը պարտադիր կդառնա աշխատող քաղաքացիների համար։ Բայց բոլոր հարցերը դեռեւս հստակեցված չեն։ Առողջապահության նախարարությունը ներկայումս քննարկում է ապահովագրության ներդրման փուլային տարբերակը։

«Մենք քննարկել ենք մեր գործընկերների հետ, մասնագետների հետ, թե ինչ ռեֆորմ կարող ենք իրականացնել, ինչպիսի փոփոխություն կարող ենք իրականացնել, որպեսզի մեր բնակչությունը ֆինանսապես ավելի պաշտպանված լինի և այն պահին, երբ կարիք լինի ստանալ բժշկական ծառայություն, ինքը կարողանա հանգիստ դիմել և առանց որևէ խոչընդոտի ստանա ծառայություն»,- ասում է առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը։

«Երբ որ ծայրահեղ վիճակում ես հայտնվում, այն ժամանակ ես միայն զգում, թե ինչքան կարևոր է ապահովագրված լինել, որովհետև այդ պահին կարող է ֆինանսական ոչ մի միջոց չունենաս և կյանքդ վտանգվի»,- նկատում է արձակագիր Աշոտ Աղաբաբյանը։

Առողջության ապահովագրական համակարգին կամավոր միացած  արձակագիր Աշոտ Աղաբաբյանն իր մաշկի վրա է զգացել դրա անհրաժեշտությունն ու արդյունավետությունը։

«Երկու տարի առաջ սրտի խնդիր ունեցա, շտապ տարան և փրկեցին։ Կան հիվանդություններ, որ չեն մտնում այդ ծառայությունների մեջ, բայց սրտի ստենտավորումը մտնում էր և դա կազմում էր 1,5-ից 2 միլիոն դրամ։ Ամսական 10-ը հազարով մենք դուրս եկանք այդ վիճակից»,- հիշում է արձակագիրը»։

Ըստ հայեցակարգի՝ առողջության ապահովագրության գումարի կեսը կվճարի աշխատողը, մյուս կեսը՝ գործատուն։

«Մեր առաջարկն այն էր, որ ընդահանուր այդ փաթեթը, եթե փաթեթի փոփոխություն չենք իրականացնում, 6 տոկոս պետք է վճարվի՝ դրա կեսը վճարի աշխատողը, մյուս կեսը՝ գործատուն»,- ասում է Լենա Նանուշյանը։

Կենսաթոշակառուների դեպքում ապահովագրական ծախսերը պետք է հոգա պետությունը, իսկ ուսանողների մասով այս պահին որոշում չկա։

Նախարարի տեղակալի խոսքով՝ կատարել են գնահատում, թե ինչ կարժենա ծառայությունների փաթեթը, եթե միաժամանակ այդ ամբողջ խմբի մեջ լինեն և՛ կենսաթոշակառուները, և՛ երեխաները, և՛ աշխատող բնակչությունը, և՛ ուսանողները։

Նախարարության առաջարկով շատ բարձր աշխատավարձ ստացողը առավելագույնը կվճարի ամսական 60 հազար դրամ և կօգտվի հավելյալ արտոնությունից։

«Եթե մեկ միլիոն աշխատավարձ ստացող անձնավորություն կլինի չի վճարի ամսական 60 հազար դրամից ավել, բայց այստեղ մի նոր առաջարկ էլ մենք ունենք, որ բարձր աշխատավարձ ստացողին հնարավորություն ենք տալիս,որ իր ընտանիքի անդամներից մեկին անվճար ներառի այդ ապահովագրական համակարգի մեջ»,- ասաց Լենա Նանուշյանը։

Ոլորտի պատասխանատուները հավաստիացնում են՝ քաղաքացին հնարավորություն է ստանալու 90 տոկոսով օգտվել բժշկական ծառայություններից։ Պացիենտը կկարողանա օգտվել ինչպես պետական, այնպես էլ մասնավոր բժշկական հաստատություններից։

Գումարների հավաքագրման համար մի քանի տարբերակ է  առաջարկվում, որոնցից մեկը լիտվականն է։ Լիտվայում  գումարը  փոխանցվում է  սոցիալական կամ կենսաթոշակային ֆոնդերին, վերջիններս էլ՝ առողջապահականին։  Քննարկվող մյուս  տարբերակը հետեւյալն է։

«Մենք մտածում էինք, որ ՊԵԿ-ը հավաքագրումը կանի: Մեր առաջարկն է,որ լինի պետական մեկ գնորդի համակարգ»,- պարզաբանում է նախարարի տեղակալը։

  Իսկ  ինչու են առողջության ապահովագրության համակարգի ներդրմանը զուգընթաց թանկանում բժշկական  ծառայությունները

«Նոր մոտեցումներ են միջազգային ասպարեզում ի հայտ գալիս, նոր դեղորայք են ստեղծվում, որոնք որ բուժում են անբուժելի հիվանդություններ։ Եվ սա է որ թանկացնում է առողջապահության համակարգում տրամադրվող ծառայությունների գինը»,- բացատրեց Լենա Նանուշյանը։