Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽ Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ (տեսանյութ)

Հունիսի 17-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն  ընդունել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին և նրա գլխավորած պատվիրակությանը: Հանդիպումը կայացել է առանձնազրույցի, ապա՝ ընդլայնված ձևաչափով: 

Արարատ Միրզոյանը ողջունել է Մարիա Պեյչինովիչ Բուրիչի՝ ԵԽ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջին այցը Հայաստան՝ կարևորելով այն Հայաստան-ԵԽ ավելի քան 20 տարիների համագործակցության ընթացքն ու ձեռքբերումները գնահատելու և հետագա համատեղ անելիքներն ուրվագծելու տեսանկյունից:

Անդրադառնալով Հայաստան իշխանությունների կողմից իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին՝ նախարար Միրզոյանը նշել է, որ Հայաստանը հետևողական է ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարի, իրավունքի գերակայության ապահովման ու դատաիրավական ոլորտում բարեփոխումների իրականացման հարցում և այս համատեքստում ընդգծել ԵԽ՝ որպես առանցքային միջազգային գործընկեր կառույցի դերակատարությունը: 

Երկուստեք կարևորվել է Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության շրջանակներում իրականացվող Հայաստանի համար Գործողությունների ծրագիրը և դրա շարունակականությունը՝ միտված վերոնշյալ ուղղություններով Հայաստանի կողմից իրականացվող ջանքերի աջակցությանը: 

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգության և կայունության հացերի։ Ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ Հայաստանի դիրքորոշումը՝ ԱԳ նախարարը նշել է, որ հիմնախնդրի համապարփակ և տևական լուծմանը հնարավոր է հասնել համապատասխան միջազգային մանդատով օժտված միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: 

Անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի հումանիտար հետևանքներին: Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել 44-օրյա պատերազմի հումանիտար հետևանքների վերաբերյալ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի նախաձեռնություններն ու ԵԽԽՎ համապատասխան բանաձևի ընդունումը: Կարևորվել է միջազգային կազմակերպությունների՝  Լեռնային Ղարաբաղ անխափան մուտքի ապահովումը:

ԱԳ նախարարն ընդգծել է  նաև Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների հայրենադարձման և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության ծրագրված ոչնչացման և ինքնության խեղաթյուրման քաղաքականությունը կանխելու անհրաժեշտությունը՝ գործընկեր երկրների և կազմակերպությունների կողմից նպատակաուղղված ջանքերի շարունակակակությունը: 

Արարատ Միրզոյանն  անընդունելի է համարել նաև  ադրբեջանական ղեկավարության կողմից հայատյաց ու ռազմատենչ հռետորաբանությունը և Արցախի քաղաքացիական բնակցության նկատմամբ ֆիզիկական ու հոգեբանական ահաբեկման գործողությունները և հույս հայտնել, որ Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության հարցում Եվրոպայի խորհուրդն առավել հաստատակամություն և հետևողականություն կցուցաբերի։

Հանդիպմանը հետևել է Արարատ Միրզոյանի և Մարիա Պեյչինովիչ Բուրիչի մասնակցությամբ Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 20-ամյակին նվիրված հուշածրարի մարման արարողությունը: 

Հանդիպման արդյունքներով Հայաստանի ԱԳ նախարարը և Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով:

Նախօրեին Մարիա Պեյչինովիչ Բուրիչն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին: