Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ Փաշինյան ցավակցական
A A
Պաշտոնական

Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Վլադիմիր Պուտինին և Միխայիլ Միշուստինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ: 

 

Վլադիմիր Պուտինին ուղղված ուղերձում, մասնավորապես, նշված է.

 

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

 

Թույլ տվեք սրտանց շնորհավորել Ձեզ և Ռուսաստանի ողջ ժողովրդին պետական տոնի` Ռուսաստանի օրվա առթիվ:

 

Այս օրը խորհրդանշում է Ռուսաստանի քաղաքական, սոցիալ-տնտեսական և հասարակական կյանքի որոշիչ վերափոխումները, ընդգծում է ազգային միասնության անձեռնմխելիությունը և բարձր պատասխանատվությունը հայրենի երկրի հանդեպ։

 

Վերջին երեք տասնամյակի ընթացքում հայ-ռուսական հարաբերությունները, որոնք հենված են մեր երկրների ժողովուրդների դարավոր բարեկամության և եղբայրության ամուր հիմքի վրա, հարստացել են որակապես նոր բովանդակությամբ։ Բարձրագույն և բարձր մակարդակներում ակտիվ քաղաքական երկխոսությունը, տարածաշրջանային և միջազգային օրակարգի առանցքային հարցերի շուրջ կառուցողական փոխգործակցությունը, տնտեսական, ռազմական, մշակութային- հումանիտար և այլ ոլորտներում հաջող գործընկերությունը լիովին համապատասխանում են Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունների զարգացման շահերին։



Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կապահովենք Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական համագործակցության ողջ համալիրի հետագա զարգացումը՝ ի շահ մեր ժողովուրդների և պետությունների, հօգուտ տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդման։

 

Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, 

 

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ այս նշանակալից տոնի առթիվ և մաղթում քաջառողջություն և հաջողություններ, իսկ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն, բարօրություն և բարգավաճում»։

 

Միխայիլ Միշուստինին ուղղված ուղերձում, մասնավորապես, ասված է. 

 

«Հարգելի Միխայիլ Վլադիմիրի,

 

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ռուսաստանի օրվա առթիվ:

 

Ազգային միասնություն ու պատասխանատվություն առ հայրենի երկիր խորհրդանշող այս տոնն անքակտելիորեն կապված է խորքային վերափոխումների հետ, որոնք ապահովեցին ժամանակակից աշխարհում Ռուսաստանի տեղի ու դերի կայուն զարգացումն ու ամրապնդումը։

 

Մեր երկրների ժողովուրդների դարավոր բարեկամության, եղբայրության և փոխադարձ աջակցության խորը արմատներն ապահովում են հայ-ռուսական դաշինքի հուսալի զարգացումը բոլոր ոլորտներում։

 

Վստահ եմ, որ մեր պետությունների միջև բազմակողմ փոխգործակցության զարգացման ուղղությամբ համատեղ ջանքերը և խոստումնալից նախագծերի իրականացումը լիովին ծառայում են մեր երկրների շահերին, մեր տարածաշրջանում կայունության և անվտանգության մակարդակի բարձրացմանը։

 

Հարգելի Միխայիլ Վլադիմիրի, 

 

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարօրություն և հաջողություններ Ձեր բոլոր նախաձեռնություններում, իսկ Ռուսաստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»։