Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին՝ Զատուլինի հայտարարության կապակցությամբ
Աջակցիր «Ա1+»-ինՓետրվարի 6-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն է կանչվել Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Միխայիլ Եվդոկիմովը։ Հանդիպման ընթացքում ադրբեջանական կողմը կտրուկ բողոք է հայտնել Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի՝ փետրվարի 5-ին արված հայտարարության առնչությամբ։
Խոսքը վերաբերում է Զատուլինի գնահատականներին, որոնք, ըստ Բաքվի, վերաբերում են Արցախի նախկին ղեկավարների և ՀՀ մի շարք քաղաքացիների նկատմամբ Ադրբեջանում կայացված դատավճիռներին։ Դեսպանին փոխանցվել է պաշտոնական նոտա, որտեղ նշված է, որ Զատուլինը մշտապես հանդես է եկել Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ, սատարել է անջատողականությանը և «խեղաթյուրել է» դատարանի որոշումները։
Ադրբեջանը հայտարարել է, թե նման ելույթները վնասում են ոչ միայն տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը, այլ նաև Մոսկվա–Բաքու հարաբերություններին։ Այս համատեքստում ռուսական կողմին կոչ է արվել կանխել նման անձանց «ապակառուցողական գործունեությունը»։