Տարոն Մարգարյանի միջնորդությունը մերժվել է, գործի քննությունը կվերսկսվի
Աջակցիր «Ա1+»-ինՀակակոռուպցիոն քաղաքացիական դատարանի դատավոր Կարապետ Բադալյանը որոշել է վերսկսել ՀՀԿ-ական պատգամավոր, Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ նրա ընտանիքի անդամների մասով դատական նիստը:
Նա մերժել է հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ պատասխանողներ Տարոն Մարգարյանի եւ Գոհար Մարգարյանի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Խուրշուդյանի միջնորդությունը:
Ըստ դատախազության՝ Տարոն Մարգարյանի հետ փոխկապակցված անձինք են կինը՝ Գոհար Մարգարյանը, որդիները՝ Անդրանիկ եւ Նահապետ Մարգարյանները, նրանց կանայք՝ Կարինե Մարգարյանը եւ Աստղիկ Մարգարյանը (Ուլիխանյան), ինչպես նաեւ պատգամավորի մայրը՝ Սուսաննա Մարգարյանը։
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքերի բռնագանձման գործերով վարչության հայցով Տարոն Մարգարյանից եւ նրա ընտանիքի անդամներից պահանջվում է բռնագանձել Երեւանի Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում գտնվող 3 բնակելի տուն, 1 անշարժ գույք, Նվեր Սաֆարյան փողոցում գտնվող 3 բնակելի տուն, Ավանի Սայաթ-Նովա թաղամասում գտնվող 2 ավտոտնակ, Ավանում գտնվող 1 հասարակական նշանակության տարածք, Ջերմուկ քաղաքում գտնվող 1 ամառանոց։
Վերսկսված գործով նախնական դատական նիստը նշանակվել է փետրվարի 23-ին՝ ժամը 15.00-ին: