Բացել լրահոսը Փակել լրահոսը
timthumb
A A
Քաղաքականություն

Հայ-իրանական սահմանը կընդհատվի, եթե այդ ծրագիրը կյանքի կոչվի․ իրանագետ

Իրանական կողմը փորձում է հայտարարությունների մակարդակով չեզոքություն պահպանել և չխառնվել երրորդ պետության հարաբերություններին մեկ այլ պետության հետ, բայց մենք գիտեն, որ Իրանի հայտարարություններն այլ են, գործողությունը՝ այլ։

Անդրադառնալով հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման  վերաբերյալ իրանական կողմից եկող ազդակներին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց իրանագետ Ահարոն Վարդանյանը՝ հավելելով, որ Իրանը փորձ է անում նախևառաջ հարաբերությունները կարգավորել Հայաստանի հետ իր օրակարգով։

Ըստ փորձագետի՝ այստեղ մենք էլ պետք է ունենանք հայ-իրանական հարաբերությունների մեր օրակարգը, որպեսզի այլ պետությունների հետ հարաբերությունները չազդեն, չվնասեն  և առհասարակ կապ չունենան մեկ այլ պետության հետ։ Ահարոն Վարդանյանի կարծիքով՝ Թուրքիան և Ադրբեջանը, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորում ասելով, հասկանում են հայկական շահի ոտնահարում և հայկական շահի անտեսում։

«Այս համատեքստում այլ պետությունների հետ հայկական հարաբերությունները կախված են լինելու հայ-ադրբեջանական կամ հայ-թուրքական հարաբերություններից»,- ասում է իրանագետը և որպես օրինակ բերում մեզ ներկայացվող գեղեցիկ փաթեթավորված «ապաշրջափակում» եզրույթը՝ նշելով, որ դա իրականում շրջափակում է։

«Եթե այդ ծրագիրը կյանքի կոչվի, ապա կընդհատվի հայ-իրանական սահմանը։ Առանց այդ էլ ներկայումս դժվարացել է հայ-իրանական սահմանը։ Գորիս-Կապան ճանապարհը, որն անցել է ադրբեջանական օկուպացիայի տակ, դժվարացրել է Հայաստան-Ադրբեջան ցամաքային կապը»,- ասում է Ահարոն Վարդանյանը և հավելում, որ ինչքան էլ չուզենանք, որ այլ երկրների հետ հարաբերությունները ազդեն երրորդ երկրի հետ հարաբերություններին, այնուամենայնիվ, պետք է փաստենք, որ դրանք ազդել են։ Խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ իրանագետը նշում է, որ Իրանը հաշտվել է այն մտքի հետ, որ Հարավային Կովկասը ռուսական ազդեցության գոտի է, մինչդեռ Թուրքիան այդ կարծիքին չէ։

«44-օրյա պատերազմից հետո հաստատված ստատուս-քվոն փոխվել է, և այստեղ Թուրքիայի ազդեցությունն է հայտնվել։ Եվ Արևմուտքը՝ ի դեմս Թուրքիայի, փորձում է այստեղից դուրս մղել Ռուսաստանին։ Այս ամենը հաշվի առնելով՝ Իրանը փորձում է մեծ զորավարժությունների միջոցով դուրս չմնա Հարավային Կովկասից և այստեղ տեղի ունեցող գործընթացներից»,- նշում է Ահարոն Վարդանյանը և հավելում, որ այդ քայլերից մեկն էլ 3+2 բանաձևի գործարկումն էր։

Իրանագետի կարծիքով՝ հայ-իրանական հարաբերությունները խորացնելու, զարգացնելու համար պետք է ամենօրյա աշխատանք տարվի։

Հարցին՝ որքանով է սահմանազատման-սահմանաագծման գործընթացը մտահոգում իրանական կողմին, Ահարոն Վարդանյանը նկատում է՝ Իրանի կարծիքով դա այլ երկրների ներքին գործն է, բայց նաև նշում է, որ պետք է չլինեն միջազգայնորեն ընդունված սահմանների խախտում․ եթե այս սկզբունքը պահպանվում է, Իրանը այստեղ որևէ խնդիր չունի։