Բացել լրահոսը Փակել լրահոսը
286448975_323282086659834_1835356159526752328_n
A A
Պաշտոնական

Սպանված բեզոարյան այծ․ ՇՄ նախարարությունից այցելել են դեպքի վայր

Ի պատասխան լրատվամիջոցներում հայտնված «Որսագողություն Խոսրովի անտառում. ջրատար առվի մեջ հայտնաբերվել է Կարմիր գրքում գրանցված, վնասվածքներով սատկած բեզոարյան այծ» վերտառությամբ գրառման, Շրջակա միջավայրի նախարարությունը հայտնում է հետևյալը։
 
Տեղեկատվությունը ստանալուց հետո Ոստիկանության Արարատի բաժնի հետաքննական բաժանի աշխատակիցները օպերատիվ տեղեկությունն իրացնելով անմիջապես մեկնել են դեպքի վայր։
 
ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծը հայտնաբերվել է Վեդու ջրամբարի ճանապարհին՝ Ուրցաձոր համայնքի վարչական տարածքում:
Նշանակվել է փորձաքննություն:
 
Շրջակա միջավայրի նախարարությունը դատապարտում է նման վերաբերմունքը կենդանիների նկատմամբ։
 
Կենսաբազմազանությունը բնական ժառանգություն է, որն անհրաժեշտ է պահպանել և փոխանցել ապագա սերունդներին, հատկապես նկատի առնելով դրա կենսական նշանակությունը և այն էկոհամակարգային ծառայությունները, որոնք
այն ապահովում է։ Հորդորում ենք զերծ մնալ անօրինական գործողություններից և պահպանել Հայաստանի կենդանական աշխարհը։
 
Հիշեցնում ենք, որ
 
Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին ՀՀ օրենքի համաձայն Բեզոարյան այծի որսի և (կամ) ոչնչացման դեպքում` յուրաքանչյուր միավորի (անկախ տարիքից) համար կենդանական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագինը կազմում է 3 մլն ՀՀ դրամ։
 
Եթե իրավախախտման արդյունքում պատճառվել է խոշոր վնաս ապա իրավախախտը ենթակա է քրեական պատասխանատվության համապատասխան օրենսգրքի 294-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, այն է՝ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` 4-6 ամիս ժամկետով։
 
Հայաստանի կարմիրգրքյան կենդանատեսակների պահպանության համար պատասխանատու ենք բոլորս։ Պետք է գիտակից ու սրտացավ վարք դրսևորենք բնության հետ շփման ժամանակ: