Բացել լրահոսը Փակել լրահոսը
Շառլ Միշել
A A
Քաղաքականություն Պաշտոնական

Ցավալի է, որ շահարկումներ են արվում․ Շառլ Միշելի անունից Խորհրդի խոսնակի հայտարարությունը

Եվրոպական միության խորհրդի նախագահ Շառլ Միշելի անունից Խորհրդի խոսնակի հայտարարությունը Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ․

Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին օրերի լարվածության համատեքստում նախագահ Միշելը վերստին հաստատում է ԵՄ հանձնառությունը՝ խորացնելու երկու երկրների հետ համագործակցությունը և խթանելու Հարավային Կովկասը, որպես անվտանգ, կայուն, խաղաղ և բարեկեցիկ տարածաշրջան՝ ի շահ տարածաշրջանում ապրող բոլոր մարդկանց:

Նախագահը ողջունում է երկու երկրների սահմանային հանձնաժողովների առաջին պատմական հանդիպումը մայիսի 24-ին և ընդգծում է՝ մինչդեռ կողմերը հետամուտ են սահմանազատման գործընթացին, կարևոր է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի երկայնքով կայունության և անվտանգության ապահովումը:

Ավելի լայն առումով նախագահ Միշելն ընդգծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կայուն կարգավորման համար կարևոր է անդրադառնալ բոլոր դեռ չլուծված խնդիրներին՝ ներառյալ՝ շարունակելով ապագա խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումները և անդրադառնալով հակամարտության արմատներին:

Ըստ նախագահ Միշելի՝ բոլոր առանցքային խնդիրները, որոնք հանգեցրել են Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմին, ինչպես նաև 2020թ ռազմական գործողությունների վերսկսմանը պետք է կարգավորվեն բոլոր շահագրգիռ կողմերի կողմից, տևական և արդարացի խաղաղության համար պայմաններ ստեղծելու նպատակով։

Ինչպես ցանկացած այլ հակամարտության ժառանգականության պարագայում է, տերմինաբանությունը հատկապես զգայուն է այս համատեքստում։ Նախագահ Միշելի՝ առաջնորդների հանդիպման արդյունքների վերաբերյալ մայիսի 22-ի հայտարարությունը չպետք է մեկնաբանել, որպես աջակցություն քննարկումների որևէ կանխորոշված ելքի:

Ծայրաստիճան կարևոր է բոլոր խնդիրների համակողմանի հասցեագրումը․ սա ներառում է բոլոր բնակչությունների իրավունքներն ու անվտանգությունը: Միակցվածության հնարավորությունները հատկապես քննարկվել էին մայիսի 22-ին Բրյուսելում՝ տարածաշրջանի ապաշրջափակման հնարավորությունները զարգացնելու նպատակով: Այս համատեքստում երկու կողմերը հաստատել են, որ ապագա տրանսպորտային ենթակառուցվածքների հետ կապված արտատարածքային պահանջներ չկան:

Ցավալի է, որ շահարկումներ են արվում հակառակի շուրջ: Որպես ամփոփում, նախագահ Միշելը շեշտում է բնակչությանը խաղաղության նախապատրաստելու անհրաժեշտությունը և այս հարցում հանրային հռետորաբանության կարևոր դերը։ Նա ողջունել է պաշտոնական Երևանի և Բաքվի հայտարարությունը՝ բանակցությունների շարունակման համար բարենպաստ մթնոլորտի ապահովման գործում բարեխղճորեն ներգրավվելու մտադրությունների վերաբերյալ և հայտնում է ԵՄ պատրաստակամությունը խորացնելու աջակցությունը վստահության ամրապնդման միջոցառումներին: ԵՄ հատուկ ներկայացուցիչ Կլաարը մոտ օրերս կմեկնի տարածաշրջան՝ հետևելու քննարկվող բոլոր ասպեկտներին:

Հարգանքով՝ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն