Բացել լրահոսը Փակել լրահոսը
Տիգրան Խզմալյան
A A
Քաղաքականություն

Թրեյսիի հանդեպ ՀՅԴ  «Հայ դատի» քննադատությունը բառացիորեն համընկնում է Մոսկվայի եւ Բաքվի գնահատականների հետ․ՀԵԿ

Հայաստանի Եվրոպական կուսակցության հայտարարությունը

Հայաստանի Եվրոպական կուսակցությունը համարում է ՀՅԴ  «Հայ դատի» գրասենյակի կողմից արված՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան տիկին Թրեյսիին հեռացնելու պահանջը դիվանագիտորեն անընդունելի, քաղաքականապես վտանգավոր եւ բարոյական առումով խայտառակ։

ԱՄՆ դեսպանը պաշտպանության կարիք չունի, սակայն հանուն արդարության պետք է նշել, որ հենց դեսպան Թրեյսիի բազմաթիվ այցելությունների, անձնական ջանքերի և խիզախության շնորհիվ 2021 թվականին կանխվեց ազերի զավթիչների և ռուս  խաղաղապահների  հարձակումը Սյունիքի վրա, պահպանվեցին հարյուրավոր հայ զինվորների կյանքեր և ՀՀ տարածքի տասնյակ քառակուսի կիլոմետրեր: Հենց դեսպան Թրեյսիի ծառայության օրոք ԱՄՆ ներկայացուցիչների պալատը , Սենատը և նախագահ Բայդենը ճանաչեցին Հայոց Ցեղասպանությունը:

Ճակատագրի հեգնանքով, ԱՄՆ դեսպան Թրեյսիին ՀՀ-ից հեռացնելու մասին ՀՅԴ  «Հայ դատի» պահանջը հնչեց նույն օրը, երբ տիկին դեսպանը հնչեցրեց Արցախի հիմնախնդիրը ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա լուծելու գաղափարը, որը համապատասխանում է միջազգային օրենքին, Հելսինկյան սկզբունքներին, Մինսկի գործընթացին եւ հակասում է Մոսկվա-Բաքու-Անկարա եռակողմ մոտեցմանը։ Ամոթալի զուգադիպությամբ  ԱՄՆ դեսպան Թրեյսիի հանդեպ ՀՅԴ  «Հայ դատի» քննադատությունը բառացիորեն համընկնում է Մոսկվայի եւ Բաքվի գնահատականների հետ։

Հայաստանի Եվրոպական կուսակցությունն իր աջակցությունն ու երախտագիտությունն է հայտնում ԱՄՆ դեսպան Թրեյսիի աշխատանքի եւ նվիրվածության համար։