Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Դիմադրության շարժումը կասեցրել է Արցախի նշաձողի իջեցումը, ստեղծել քաղաքական ճգնաժամ․ Սաղաթելյան (տեսանյութ)

Այսօր, մայիսի 14-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի մամուլի ասուլիսը։

Իշխան Սաղաթելյանը խոսեց «Դիմադրություն» շարժման ձեռքբերումների, հետագա անելիքների մասին եւ պատասխանեց լրագրողների հարցերին:

«Դիմադրություն» շարժումը վերջին 30 տարում բացառիկ է իր ծավալներով և բնույթով, չափերով, ժողովրդայնությամբ․ ըստ էության, Ղարաբաղյան երկրորդ շարժում է, որը լինելու է անկասելի․ ասաց Իշխան Սաղաթելյանը։

Թշնամու հերթական ագրեսիայից հետո, հիշեցրեց նա, խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունները որոշում կայացրին ապրիլի 5-ին հրավիրել հանրահավաք ի պաշտպանություն Արցախի և Հայաստանի։ Ըստ էության, պայքարի մեկնարկը ապրիլի 5-ին էր, երբ Ազատության հրապարակում հստակ ներկայացվեցին այն սկզբունքները և պահանջները, որով պետք է առաջնորդվի ՀՀ ցանկացած իշխանություն, ով կշեղվի՝ պետք է օր առաջ հեռացվի։

Ապրիլի 5-ին Արցախի դրոշը տեղադրվեց Ֆրանսիայի հրապարակում և սկսեցին ՀՀ բոլոր խոշոր քաղաքներում կոչ անել, որից հետո քաղաքացիները Արցախի դրոշներ տեղադրեցին։

Դրանից հետո տեղի ունեցավ Փաշինյանի հայտնի ելույթը Արցախի հարցում նշաձողն իջեցնելու մասին, որից հետո փողոցային անդադար պայքար սկսվեց Նիկոլին հեռացնելու ուղղությամբ։

«Ապրիլի 25-ից մենք սկսել ենք համաժողովրդական դիմադրության շարժումը, իսկ մայիսի 1-ից մինչև այսօր տեսնում եք՝ ինչ ծավալի դիմադրության երթերով է ժողովուրդը դուրս գալիս այս իշխանության դեմ»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Սաղաթելյանը խոսեց շարժման ձեռքբերումների մասին․ «Շարժումը այս ընթացքում արձանագրել է հետևյալ ձեռքբերումները, առաջին․ այն կասեցրել է Արցախի հարցում հայկական կողմի նշաձող իջեցնելու գործընթացը, սա այլևս ակնհայտ փաստ է։

Երկրորդ․ շարժումը ստեղծել է իրական քաղաքական ճգնաժամ, այդ թվում նաև մեր միջազգային գործընկերների համար, առնվազն այս պահին ակնհայտ է դառնում Նիկոլ Փաշինայնի լեգիտիմության հարցը։

Երրորդ․ շարժումը ապացուցել է, որ հայ ժողովուրդը չի ընդունելու իրեն պարտադրված որևէ զիջում և Նիկոլ Փաշինյանը չունի որևէ մանդատ երկիրը նոր զիջումների տանելու։

Չորրորդ․ շարժումը ակնհայտ է դարձրել, որ կա հանրային ձևակերպված պահանջ այս իշխանությունների հեռացման համար»։