Ակցիայի մասնակիցները տեղյա՞կ են ինչ է կատարվում․ Արթուր Հովհաննիսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԴուք երևի մոռացել եք՝ ինչ է տեղի ունեցել մեր երկրում վերջին մեկ տարվա և մի քիչ ավելի ժամանակահատվածում։ Այսպես արձագանքեց իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը լրագրողի հարցերին, թե ինչու՞ էին երեկ դիպուկահարներին հանել ժողովրդի դեմ, ինչու՞ էր ԱԺ-ի բակում տեղադրվել լուսաձայնային նռնակներ, ինչու՞ է չորս տարի առաջ բացված ԱԺ դարպասները փակվել, ինչու՞ է իշխանության կապը ժողովրդի հետ կտրվել՝ մեծաթիվ ոստիկանական ուժերով և Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողները ժողովու՞րդ չեն։
«Դուք երևի մոռացել եք մահափորձը ԱԺ նախագահի վրա, դուք երևի մոռացել եք, որ նույն խուլիգանները փողոցում ման էին գալիս իշխանության ներկայացուցիչներին, ՔՊ խմբակցության պատգամավորներին ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու համար, որպեսզի փրկվեն և փրկեն իրենց գողացածն ու թալանածը, որպեսզի չբացահայտվի ինչեր են արել պատերազմի ընթացքում և դրանից առաջ, որպեսզի չբացահայտվեն այն մարդիկ, ովքեր սպաներին կանչում էին, որպեսզի տանկերն ուղղեին Երևանի վրա»,- պատասխանեց Արթուր Հովհաննիսյանը՝ նշելով, որ այդ ամեն ինչի մասնակիցներն ու կազմակերպիչները դեռ կան և որոշակի ակտիվություն են ցուցաբերում։
ՔՊ-ական պատգամավորն ասաց, որ ՀՀ-ում ժողովրդավարությունից մեկ միլիմետր շեղում չի լինելու և ցանկացած ոտնձգություն շատ կոշտ օրենքի պատին է հանդիպելու։
Իշխանական պատգամավորը հիշեցրեց երեկ տարածված ԱԱԾ հայտարարությունը, և հարց հնչեցրեց՝ ակցիայի մասնակիցները արդյոք գիտեին այդ մասին, թե ոչ։
Մանրամասները՝ տեսանյութում։