Բացել լրահոսը Փակել լրահոսը
Տիգրան Խաչատրյան
A A
Տնտեսություն Պաշտոնական

Տիգրան Խաչատրյանը Համաշխարհային բանկի բարձրաստիճան պաշտոնյաների հետ է հանդիպել

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը եւ նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանն ապրիլի 19-22-ը ԱՄՆ կատարած պաշտոնական այցի շրջանակում մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) եւ Համաշխարհային բանկի (ՀԲ) Կառավարիչների խորհուրդների 2022թ. գարնանային հանդիպումներին:

Գարնանային հանդիպումների ընթացքում քննարկումներ են ծավալվում համաշխարհային տնտեսության ընթացիկ իրավիճակի, միջազգային տնտեսական իրավիճակի զարգացման միտումների, գլոբալ մարտահրավերների ու դրանց հաղթահարման ուղիների, ֆինանսական շուկաներում տիրող իրավիճակի, համաշխարհային ֆինանսական կայունությանն առնչվող առանցքային այլ հարցերի շուրջ:

        Այցի ընթացքում հանդիպումներ են տեղի ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի Տնօրենների խորհրդում Հայաստանը ներկայացնող գործադիր տնօրենի, ԱՄՀ Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի վարչության պետի, ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի հետ:

        Նախարար Խաչատրյանը հանդիպել է նաեւ Համաշխարհային բանկի՝ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով փոխնախագահի եւ Համաշխարհային բանկի Տնօրենների խորհրդում Հայաստանը ներկայացնող գործադիր տնօրենի հետ:

        Ի թիվս այլ միջոցառումների՝ կայացել է Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի՝ Հայաստանն ընդգրկող Ընկերակցային խմբի միասնական նիստը, ինչպես նաեւ ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակության հանդիպումը Վրաստանի ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակության հետ, անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության հնարավորություններին:

        Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի բարձրաստիճան պաշտոնյաների հետ առանձին երկկողմ հանդիպումների շրջանակներում քննարկվել է Հայաստանի հետ առկա մասնակցությունն օրակարգային տնտեսական գործընթացներին, պայմանավորվածություններ են ձեռք բերվել աջակցության եւ փորձի փոխանակման ծրագրերի կազմակերպման եւ   հետագա փոխգործակցության զարգացմանն առնչվող հարցերի շուրջ:

 

 

ՀՀ ֆինանսների նախարարություն