Դատախազը միջնորդեց նախկին պատգամավոր «Ալրաղացի Լյովին» դատապարտել 11 տարվա ազատազրկման
Աջակցիր «Ա1+»-ինՄեղադրողն այսօր դատարանում միջնորդեց ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանին' «Ալրաղացի Լյով» մականունով , դատապարտել 11 տարվա ազատազրկման։
Մեղադրողը հիմնավորված համարեց նրան առաջադրված մեղադրանքը։ Ըստ մեղադրանքի' Լեւոն Սարգսյանը , մասնակցելով ՀՀ քաղաքացիներ Արա Կարապետյանի և Արմեն Նիկողոսյանի ստեղծած հանցավոր համագործակցությանը, առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով պատվիրել և ղեկավարել է կազմակերպված խմբի կողմից Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանին պատկանող, Երևան քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 34 բ հասցեում գտնվող առանձնատան վրա ավազակային հարձակման կատարումը:
Նախկին պատգամավորը իրեն մեղավոր չի ճանաչել։
Լևոն Սարգսյանը, որը հետախուզվում էր 2018-ի հոկտեմբերից, Ռուսաստանից Հայաստան արտահանձնվել է 2020 թ օգոստոսի 6-ին:
Այս գործով անցնում է նաեւ Լեւոն Սարգսյանի փեսան' Սուրեն Ղազարյանը։ Մեղադրողը միջնորդեց նրան դատապարտել 10 տարվա ազատազրկման։
Դատական հաջորդ նիստին' մայիսի 17-ին, ճառով հանդես կգա պաշտպանական կողմը։ Հիշեցնենք, որ միայն հեղափոխությունից հետո Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդեց, որ Արմեն Ավետիսյանի տան հարձակման իրական պատվիրատուն Լևոն Սարգսյանն է: