Բացել լրահոսը Փակել լրահոսը
1024-generic-globe
A A
Տնտեսություն

2022 թ․ կանխատեսվում է թողարկման ծավալների 4.1 տոկոսով կրճատում․ Համաշխարհային բանկ

Համաշխարհային բանկի զեկույց․

2022 թվականի փետրվարին Ռուսաստանի Դաշնության ներխուժումն Ուկրաինա ցնցեց ողջ աշխարհը: Պատերազմը կործանարար ազդեցություն է թողնում մարդկանց կյանքի վրա և տնտեսական ավերածություն է առաջացնում երկու երկրներում էլ: Այն նաև զգալի տնտեսական կորուստների կհանգեցնի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի (ԵԿԱ) տարածաշրջանում և մնացած աշխարհում: Սա երկու տարվա ընթացքում գրանցված երկրորդ խոշոր ցնցումն է, որի հետևանքով 2022 թվականին կանխատեսվում է թողարկման ծավալների 4.1 տոկոսով կրճատում` ցուցանիշ, որը կրկնակի անգամ գերազանցում է 2020 թվականին Քովիդ-19-ի հետևանքով գրանցված տնտեսական անկման ցուցանիշը:

Տարածաշրջանի երկրներն արդեն պատրաստվում էին 2021 թվականին սկսված Քովիդ-19-ի հետևանքների հաղթահարման տեմպի դանդաղմանը, ինչը պայմանավորված էր աճի և առևտրի ծավալների նվազմամբ, գնաճի առաջացրած լարվածությամբ, պարտքի կայունության հետ կապված խնդիրներով և տոկոսադրույքների բարձրացմամբ: Մտահոգության տեղիք էին տալիս նաև Քովիդ-19-ի առաջացրած խաթարումներն ու աշխարհաքաղաքական լարվածության աճը:

Պատերազմը խորացրեց ապագայի վատթարացած հեռանկարը, իսկ հակամարտության տնտեսական հետևանքները զգացվում են բազմաթիվ խողովակներով` սկսած հումքային ապրանքների և ֆինանսական շուկաներից, առևտրից և միգրացիոն կապերից մինչև ներդրողների վստահություն: Հարևան ԵԿԱ երկրներն, ըստ ամենայնի, զգալի տնտեսական վնասներ կկրեն Ռուսաստանի և Ուկրաինայի հետ ամուր առևտրային, ֆինանսական և միգրացիոն կապերի պատճառով:

Ռուսաստանը Ռուսաստանը էներգիայի և արդյունաբերական մետաղների հիմնական արտահանող է, իսկ Ռուսաստանը և Ուկրաինան միասին ապահովում են ցորենի համաշխարհային արտահանման ավելի քան 25 տոկոսը: Հատկապես մեծ է Եվրոպայի կախվածությունը Ռուսաստանից, քանի որ բնական գազի 47 տոկոսը և նավթի 25 տոկոսը ներկրվում է Ռուսաստանից: Հայաստանը, Վրաստանը, Ղազախստանը և Թուրքիան իրենց ցորենի ավելի քան 75 տոկոսը ներկրում են Ռուսաստանից և Ուկրաինայից, իսկ Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ երկրներ ապավինում են Ռուսաստանից և Ուկրաինայից ցորենի և այլ հումքային ապրանքների ներմուծմանը, ինչը կարող է հանգեցնել պարենային անապահովության:

Մատակարարման ծավալների կրճատումն ու էլեկտրաէներգիայի և պարենի գների բարձրացումը կնպաստեն գնաճին` անդրադառնալով տարածաշրջանի երկրների, ինչպես նաև աշխարհի վրա: Ավելին, թեև արտահանման գլոբալ ծավալների ընդամենը 3 տոկոսն են ապահովում Ռուսաստանն ու Ուկրաինան, սակայն պատերազմն ու պատժամիջոցները խաթարել են միակցվածությունը` խափանելով առևտրաշրջանառության ուղիներն ու բարձրացնելով բեռնափոխադրումների և ապահովագրության արժեքը:

Այս ամենն ահագնացնում է գլոբալ արժեքի շղթաներում առկա լարումները` բացասական անդրադառնալով տնտեսության մի շարք ոլորտների վրա, այդ թվում` պարենային, ավտոմոբիլային, նավթաքիմիական և տրանսպորտային: Հումքային ապրանքների գների բարձրացման հետ մեկտեղ` գլոբալ արժեքի շղթաներում առկա լարումները խթանում են գնաճային ճնշումները:

Ռուսաստանը շատ կարևոր արտահանման ուղղություն է Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Բալթյան երկրների համար` ընդունելով նրանց արտահանման ծավալների 10 տոկոսը, Հայաստանից` մոտ 25 տոկոսը, իսկ Բելառուսից` ավելի քան 40 տոկոսը: Ռուսաստանից ստացվող դրամական փոխանցումները Կենտրոնական Ասիայի որոշ երկրներում, ինչպիսիք են Ղրղզստանի Հանրապետությունը և Տաջիկստանը, կազմում են համախառն ներքին արդյունքի մոտ 30 տոկոսը:

Ռուս և ուկրաինացի զբոսաշրջիկները ժամանողների ավելի քան 10 տոկոսն են կազմում ԵԿԱ երկրների գրեթե կեսում, այդ թվում Վրաստանում, Չեռնոգորիայում և Թուրքիայում, որոնք մեծապես տուրիստական երկրներ են: Պատերազմը և Ռուսաստանի դեմ կիրառվող ֆինանսական պատժամիջոցները ծանր են անդրադարձել երկրի ֆինանսական համակարգի վրա և սահմանափակել ֆինանսական պարտավորությունները կատարելու հնարավորությունը՝ ազդելով ֆինանսական համակարգերի վրա ինչպես տարածաշրջանում, այնպես էլ տարածաշրջանից դուրս:

Շարունակվող հակամարտությունն, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի ներդրողների վստահության հետագա թուլացման և պորտֆելի վերաարտահոսքին և արժույթի արժեզրկմանը տարածաշրջանում: Հատկապես ռիսկային են այն երկրները, որոնց ընթացիկ հաշվի պակասուրդը մեծ է կամ ձևավորված է ոչ ռեզիդենտների արտարժույթով արտահայտված մեծ մասնաբաժիններով կամ կարճաժամկետ պարտքային պարտավորություններով, և այդ երկրները կարող են խնդիր ունենալ պարտքի մարման ժամկետները տեղափոխելու հետ կամ առերեսվել պարտքի սպասարկման պարտավորությունների էական ավելացման:

Պատերազմն առաջացրել է փախստականների ապակայունացնող ալիք: Ավելի քան 4 միլիոն մարդ լքել է Ուկրաինան, որոնցից կեսն անցել է Լեհաստան, շատերն էլ` Հունգարիա, Մոլդովա և Ռումինիա: Առաջիկա ամիսներին սպասվում է փախստականների թվի աճ, և ընդունող երկները պետք է դիմագրավեն նրանց կացարանով ապահովելու մարտահրավերը:

Պետք է արագ ներգրավել լրացուցիչ ֆինանսական միջոցներ և մարդասիրական օգնություն` հիմնական ծառայությունների մասշտաբները մեծացնելու և դրանց տրամադրումն ապահովելու համար: Պատերազմի հետևանքով աղքատության մակարդակը տարածաշրջանում կբարձրանա, և դա պայմանավորված կլինի տնտեսական անկմամբ ու պարենային գների աճով: Ուկրաինայում 6,5 միլիոն մարդ արդեն իսկ ներքին տեղահանված է, և բնակչության մոտ մեկ երրորդը շտապ մարդասիրական օգնության կարիք ունի: Տարածաշրջանի տնտեսական հեռանկարի վրա պատերազմի ազդեցությունը կախված է լինելու նաև նրանից, թե շարունակական հակամարտությունն ինչ զարգացում կունենա:

Եթե առաջիկա ամիսներին հակամարտությունը հանգուցալուծվի, կորուստները հնարավոր կլինի զսպել, և սկսել վերակագնման գործընթացը: Հակամարտության ձգձգման պարագայում կավելանան մարդկային և տնտեսական կորուստները, քաղաքական անորոշության աստիճանը, տարածաշրջանային ինտեգրումը կմաստանվի և կխաթարվեն կարևոր առևտրային ու ներդրումային կապերը:

Այս դժվարին ժամանակաշրջանում քաղաքականության մշակման պատասխանատուները պետք է ուժեղացնեն մակրո տնտեսական քաղաքականության բուֆերները և հաստատությունները` կայունության բարձրացման նպատակով, ինչպես նաև խրախուսեն ներառական ու ավելի հավասար վերականգնման գործընթաց` ամրապնդելով սոցիալական պաշտպանության համակարգերը` ավելի անապահով խավին, այդ թվում` փախստականներին պաշտպանելու նպատակով, և ուշադրության կենտրոնում պահեն էներգախնայողությունն ու անցումը կանաչ տեխնոլոգիաներին, ինչը կերաշխավորի կայուն ապագա:

Կլիմայի փոփոխության բացասական հետևանքները չեզոքացնելը ևս մերօրյա ամենահրատապ խնդիրներից է: Պատերազմը և ավանդական էներգակիրների գների թռիչքային աճը ևս մեկ անգամ ցույց է տալիս վերականգնվող էներգակիրների գրավչությունը և ավելի էժան, մաքուր ու հուսալի էներգամատակարարման անցնելու կարևորությունը: Էներգախնայողությունը բարելավելով, էներգիայի սպառման ընթացքում թափոնները կրճատելով և նորագույն տեխնոլոգիաներ օգտագործելով տարածաշրջանի տնտեսությունները հնարավորություն կունենան մեղմելու տնտեսական աճի վրա պատերազմի ունեցած ազդեցությունները: