Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանը հանդիպել է ՀՀ-ում ՀԲ գրասենյակի տնօրենի հետ

Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը և նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներ։

 

Ողջունելով տիկին Գեգինատին և գործընկերներին շրջակա միջավայրի նախարարությունում, նախարար Հակոբ Սիմիդյանը հիշատակել է Շրջակա միջավայրի նախարարության և Համաշխարհային բանկի համագործակցության ծրագրերը, և հույս է հայտնել, որ հագեցած օրակարգի շուրջ այս հանդիպումը խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար և կուրվագծվեն համագործակցության զարգացման նոր հնարավորություններ։ 

Տիկին Կարոլին Գեգինատը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և խնդրել նախարարին հակիրճ ներկայացնել Շրջակա միջավայրի նախարարության առաջնահերթությունները և ընթացքի մեջ գտնվող օրենսդրական բարեփոխումները։ 

 

Նախարարը ներկայացրել է շրջակա միջավայրի օրակարգը սպասարկելու այն առաջնահերթությունները, որոնց ուղղությամբ աշխատանքների շուրջ ցանկալի է Համաշխարհային բանկի ներգրավվածությունն ու օժանդակությունը։

 

Նախարարն անդրադարձել է անտառների, ջրային ռեսուրսների, ընդերքօգտագործման ոլորտում ծավալուն անելիքներին։

 

Քննարկվել են ոլորտում մեկնարկած օրենսդրական բարեփոխումները, այդ թվում անդրադարձ է կատարվել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի փոփոխությանը։ 

«Ոլորտի օրենսդրական բարեփոխումների օրակարգը պետք է բխի մեր իրականությունից և օրենսդրական նոր նախագծերը պետք է լինեն ամբողջական ու ներառական, որպեսզի ժամանակ անց դրանք վերանայելու անհրաժեշտություն չլինի։ Ընդ որում պետք է փոխել ոչ միայն օրենքների բովանդակություն, այլ այն միջավայրը, որտեղ դրանք իրենց կիրառությունն են գտնելու,- նշել է նախարարը և տեղեկացրել, որ նախարարությունը պատրաստակամ է ՇՄԱԳ օրենքի նախագծի մշակման գործընթացում ներգրավել նաև միջազգային փորձագետների։

 

Նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը խոսել է միջազգային գործընկերների հետ ոլորտային ինտենսիվ համագործակցությունների, ջրային, հողային, թափոնների կառավարման ոլորտում մեկնարկած բարեփոխումների և Էկոլոգիական կայուն պետական գնումների վերաբերյալ։ 

Նախարարի տեղակալը խնդրել է գործընկերներին ավելի նեղ աշխատանքային հանդիպումների ձևաչափով առավել մանրամասն քննարկել դրանցից յուրաքանչյուրը և դիտարկել համագործակցության հնարավորությունները Համաշխարհային բանկի գործունեության ոլորտում։

 

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև «ԿԱՆԱՉ Հայաստան» (Կանաչ վերականգնում զորեղացնելու, զինելու և խնամելու համար) հարթակի համար ծրագրին, որն իրականացվում է Կլիմայի աջակցության հիմնադրամի ֆինանսավորմամբ։

Ավելին, «ԿԱՆԱՉ Հայաստան» հարթակը կլինի նոր գաղափարների ձևավորման, տեխնոլոգիական հնարավորությունների խթանման և գլոբալ գիտելիքի յուրացման տարածք։ Այդ աշխատանքներն առանցքային են լինելու անտառային ռեսուրսները պահպանելու հարցում Հայաստանին օգնելու համար, ինչը շատ կարևոր է երկրի՝ կլիմայի փոփոխությունների մեղմման և հարմարվողականության միջազգային հանձնառությունները կատարելու, «ավելի լավ ապագա կառուցելու» հարցում՝ ստեղծելով շարունակական և դիմակայուն վերականգնման հնարավորություն երկրում։

Քննարկվել է ԳԷՀ 8 (GEF-8) ծրագիրը, որի նոր համալրման փուլի շրջանակներում ակնկալվում է Համաշխարհային բանկի հետ համագործակցության ընդարձակում ։

Հանդիպման ավարտին նախարար Հակոբ Սիմիդյանը ևս մեկ անգամ համագործակցության ընդարձակման պատրաստակամություն է հայտնել և շեշտել, որ ոլորտի բարեփոխումները պետք է իրականացվեն միջազգային գործընկերների հետ բարեկամական և արդյունավետ գործակցության տրամաբանության ներքո: