Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԱՐԴԱՍՊԱՆՆԵՐԸ ՄԱՀԱՊԱՏԺԻ ՉԵՆ ԵՆԹԱՐԿՎԻ

Հասարակություն

Մոտ երեք տարի տեւած «Հոկտեմբերի 27-ի» դատավարությունն ունեցավ սրընթաց ավարտ: Ընդամենը 18 օր պահանջվեց դատավոր Սամվել Ուզունյանից խորհրդակցական սենյակում մնալու, գործով նյութերը համեմատելու համար:

Ամբաստանյալները դատապարտվեցին պետական իշխանությունը յուրացնելու, ահաբեկչության, պետական, քաղաքական, հասարակական գործչին սպանելու` նրա գործունեությունը դադարեցնելու, սպանության փորձ կատարելու, ազատությունից ապօրինի զրկելու, ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու, իրացնելու եւ փոխադրելու համար:

Ներկաներից մեծ մասի համար անսպասելի չէր այս դատավճիռը, բացառությամբ ամբաստանյալ Աշոտ Կնյազյանին վերաբերվող մասի: Մեղադրողները միջնորդել էին ամբաստանյալներից հինգին դատապարտել ցմահ, իսկ Աշոտ Կնյազյանին` 15 տարվա, Համլետ Ստեփանյանին` 14 տարվա ազատազրկման:

Վերջին երկուսը ԱԺ նիստերի դահլիճ չեն ներխուժել եւ սպասել են դրսում` խորհրդարանի մուտքի մոտ: Դատավարության ամբողջ ընթացքում ամբաստանյալ Նաիրի Հունանյանը հայտարարում էր, որ իր 20 տարվա ընկեր Աշոտ Կնյազյանը «խմբում ներգրավված չի եղել» եւ միայն ահաբեկչության օրն է իմացել այդ մասին:

Ի դեպ, տուժողների իրավահաջորդների շահերի ներկայացուցիչները դատարանից պահանջել էին բոլոր ամբաստանյալների նկատմամբ կիրառել միանման առավելագույն պատիժ. «Գործել է հանցավոր խումբ. յուրաքանչյուրն ունեցել է իր դերաբաշխումը»:

Այսօր մեղադրող Գագիկ Ավետիսյանը չկարողացավ կոնկրետ դեպք հիշել, երբ առաջին ատյանի դատարանը ավելի խիստ պատիժ էր սահմանել, քանպահանջվել էր: Այնուհանդերձ պնդում էր. «Պրակտիկայում միանշակորեն այդպիսի դեպք եղել է»:

Ըստ նրա, դատավորի որոշումն ավելի ճիշտ էր. «Դատարանը ավելի հանգիստ պայմաններում ինքն իրեն խորհրդակցել է եւ ճիշտ հետեւություն արել: Մենք էլ ենք կարծում, որ այս պահի վիճակով, Կնյազյանը հավասար դերակատարում ուներ, ինչպես հանցագործության մյուս մասնակիցները: Ի սկզբանե գործի մեջ է եղել` զենքի հայթաթումից սկսած մինչեւ մի քանի պայմանավորվածությունների ձեռք բերումը»:

Իսկ ինչու՞ այսպես չէին մտածում դատախազները` մեղադրանքն առաջադրելիս: Գագիկ Ավետիսյանն ասում է, որ քննարկումների ժամանակ իրենք այդ մասին խորհել են, բայց որոշել ավելի մեղմ պատիժ պահանջել. «Մտածեցինք, որ վերջին պահին ակտիվ դերում չի եղել. անհատականացման գործոնը հաշվի առանք»:

Սարգսյանների եւԴեմիրճյանների շահերի ներկայացուցիչներն այսօր բոյկոտել էին դատավճռի հրապարակումը: Ըստ նրանց, դատավարության ընթացքում չբացահայտվեցին գործի էական հանգամանքները, «Հոկտեմբերի 27»-ի իրական կազմակերպիչները:

«Ամեն ինչ արվել է, մի եղբորը կախաղան են բարձրացրել, էն մեծ տականքին ստիպել են. «Ասա, Քոչարյանն է արել: Եթե չասես, ախպորդ կկախենք»: Չի ասել: Կանգնեցրել են պատի տակ, կրակել են վրան, պատին կեղտոտել է: Տակը կեղտոտող մարդը չէ՞ր ասի` ո՞վ է կազմակերպիչը: Այսինքն ամեն ինչ արվել է, թե թող անուն տային` իմանայինք: Ինձ համար ճիշտն ասաց մինեւնույն է, ով կլինի կազմակերպիչը: Եթե ունեն լրջագույն փատեր, թող ներկայացնեն դատարան կամ այլ մարմինների, հեչ որ չէ այսքան անկախ թերթեր կան. թող փաստերը տան «Չորրորդ իշխանությանը», ինչու՞ չեն տալիս»,- դատարանում բորբոքված մեկնաբանում էր Կապի եւ Տրանսպորտի նախարար, տուժող Անդրանիկ Մանուկյանը` հաստատելով ամբաստանյալների հայտարարությունները, որ իրենց նկատմամբ բռնություն է կիրառվել:

Բազմիցս ամբաստանյալներին Հանրապետության հրապարակում կախել, «մսերը բզիկ-բզիկ անել» պահանջող Անդրանիկ Մանուկյանը համամիտ էր դատարանի որոշման հետ. «Այն այսօրվա քրեական օրենսգրքով սահմանվող առավելագույն պատիժն է»:

Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն, դատավարության մասնակիցները կարող են դատավճիռը բողոքարկել` 15օրվա ընթացքում դիմելով քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանին:

Ի դեպ, այսօր, դեռ դատավճիռը չհրապարակած` ամբաստանյալ Նաիրի Հունանյանը հայտարարեց, որ իրենից վերցրել են բոլոր նյութերը եւ ինքը չի կարողանալու բողոքարկել որոշումը: Դատավոր Սամվել Ուզունյանը խոստացավ, որ հինգ օրվա ընթացքում դատավճիռը կտրամադրվի դատավարության մասնակիցներին, կհրապարակվի մամուլում: