Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

15 մրցավարների հարցը անորոշ է

Սպորտ
dc6fdc9a6e760dd46598ddb7b18ee5e0

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավարական եւ տեսչական բաժնի պետ Կարեն Նալբանդյանը «Ա1+»-ի մարզական թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ ստեղծվել են երիտասարդ մրցավարներից կազմված խմբեր, որոնք կսպասարկեն 2011 թ բարձրագույն խմբի առաջնության խաղերը:

«Նրանք հատուկ ծրագրով արդեն սկսել են պատրաստվել գալիք մրցաշրջանին: Սովորականի նման առաջնությունից առաջ կկազմակերպվեն տեսական եւ գործնական պարապմունքներ, կանցկացվեն ուսումնամարզական հավաքներ: Ինչ վերաբերում է ՀՖՖ-ի կողմից որակազրկված 15 մրցավարներին, ապա նրանց հարցը դեռեւս պարզ չէ»,-ասաց նա:

Կարեն Նալբանդյանը կարծում է, որ ճիշտ աշխատանք կատարելու դեպքում կարելի է հաղթահարել մրցավարական խնդիրը, որը ծագեց այս տարվա առաջնության վերջում. «Ավելի լավ է խաղերը վստահել երիտասարդ խաղավարներին, քան նրանց, ովքեր փորձ ունեն, սակայն մշտապես կոպիտ սխալներ են թույլ տալիս»:

Նա միաժամանակ խոստովանեց, որ բարձրակարգ մրցավար պատրաստելու համար պահանջվում է 5-6 տարի. «Իտալիայում եւ Իսպանիայում կազմակերպված սեմինարներին մեզ հենց ասում էին, որ այդքան ժամանակ է պահանջվում որակյալ մրցավար պատրաստելու համար: Այնուամենայնիվ, քրտնաջան աշխատանքի դեպքում կարելի է կարճ ժամանակում պատրաստել մրցավարների, որոնք ոչնչով չեն տարբերվի որակազրկված խաղավարներից»:

Վերջում Կարեն Նալբանդյանը մեր խնդրանքով երեք խորհուրդ տվեց երիտասարդ մրցավարներին: «Առաջինը` լավ մարդ լինել, երկրորդ` պրոֆեսիոնալ վերաբերվել աշխատանքին, երրորդ` լինել ազնիվ եւ անաչառ»: