Հայաստանի չեմպիոնը հրաժարվեց
Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» այսօր պաշտոնապես հրաժարվեց 2011 թվականի ԱՊՀ եւ Բալթյան երկրների չեմպիոնների «Համագործակցության» գավաթի խաղարկությունից, որը տեղի կունենա եկող տարվա հունվարին, Սանկտ Պետերբուրգում:
Ինչպես տեղեկացրեց ակումբի գործադիր տնօրեն Կարեն Հարությունյանը, նման որոշումը կապված է այն բանի հետ, որ թիմը բոլորովին ուրիշ ծրագրեր ունի գալիք մրցաշրջանի հետ կապված:
«Մենք պատրաստ էինք մասնակցել գավաթի խաղարկությանը, սակայն փոխարինող կազմով: Մեր խաղացողների մեծ մասը Հայաստանի հավաքականի անդամ են, ուստի մենք հատուկ ծրագրով ենք պատրաստվելու նոր մրցաշրջանին: Քանի որ «Համագործակցություն» գավաթի կազմակերպիչները պահանջում են խաղերին ներկայանալ միմիայն հիմնական կազմով, մենք ստիպված հրաժարվեցինք մասնակցությունից»,-ասաց նա:
Իսկ թե որ թիմը հանդես կգա հանրապետությունից այդ մրցումներում, դեռեւս հայտնի չէ: Ըստ կանոնակարգի նման դեպքերում չեմպիոններին փոխարինում են փոխչեմպիոնները: Մեր դեպքում դա Երեւանի «Բանանցն» է: Սակայն եթե վերջինս էլ հրաժարվի, ապա «Համագործակցության» գավաթին կմասնակցի բրոնզե մեդալակիր Երեւանի «Ուլիսը»: