Ժունիորը վերադարձավ հարազատ ակումբ
Երեւանի «Միկա» ֆուտբոլային թիմի ֆուտբոլիստները չնայած գտնվում են արձակուրդի մեջ, սակայն նրանց մի մասը շարունակում են մարզումներ անցկացնել: Այդ մասին «Ա1+»-ի մարզական թղթակցին տեղեկացրեց ակումբի մամուլի քարտուղար Աշոտ Մարտիրոսյանը:
«Թիմի մարզիչների հանձնարարությամբ տեղացի խաղացողները, ովքեր գտնվում են հանրապետությունում, շաբաթը երեք անգամ անհատական մարզումներ են անցկացնում` վազում են, աշխատում վարժասարքերի վրա: Ճիշտ է, դա ստիպողական չէ եւ խաղացողն իր ցանկությամբ կարող է բաց թողնել պարապմունքը»:
Ինչպես տեղեկացրեց ակումբի մամուլի քարտուղարը, թիմը սիստեմատիկ պարապմունքները կսկսի դեկտեմբերի 15-ից, որոնց կմասնակցեն միայն տեղացի ֆուտբոլիստները: Իսկ ահա արտասահմանցի խաղացողները արձակուրդից կվերադառնան հունվարի սկզբին:
«Միկայի» ներկայիս լեգեոնականներից ակումբի հետ պայմանագիր չի կնքել միայն բրազիլացի Ժունիորը, որի վարձավճարի ժամկետն ավարտվել է եւ նա վերադարձել է հարազատ ակումբ: Տեղացի ֆուտբոլիստներից առայժմ պայմանագիր չի կնքվել հարձակվող Սարգիս Մովսիսյանի հետ, որը այս տարի էր տեղափոխվել թիմ: