Բացել լրահոսը Փակել լրահոսը
anna-kostanyan
A A
Քաղաքականություն

Կուսակցությունից դուրս գալու առանցքային պատճառը Մարուքյանի նշանակումն է․ Աննա Կոստանյան

Ա1+-ը զրուցել է ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանի հետ։

-Տիկին Կոստանյան, հայտարարեցիք, որ դուրս եք գալիս «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից։ Կասեք որո՞նք են դրդապատճառները։

 

-Ճիշտն ասած, շատ խորը մեկնաբանություններ չէի ուզի տալ,  պարզապես վերջին շրջանում, կուսակցության քաղաքական դիրքավորման հետ որոշակի անհաշտություններ, տարաձայնություններ ունեյի։ Երկար ժամանակ մտորում էի։ Տեսլականների խնդիր կա, պետության ապագայի վերաբերյալ։

 

-Տեսլականների տարբերության մեկ օրինակ կարո՞ղ եք նշել։

-Կոնկրետ վերջին նշանակումը (խմբ՝ կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի նշանակումը հատուկ հանձնարարություններով դեսպան) հիմնական առանցքային պատճառն է հանդիսացել։ Ես չեմ պատկերացնում գործող իշխանությունների հետ Հայաստանի Հանրապետության կամ Արցախի օրակարգային հարցերի լուծման ուղղությամբ որևիցե դրական տեղաշարժ։ Եվ չեմ պատկերացնում, որ այդ նշանակումը կարող է դրական ազդեցություն ունենալ։ Ընդհանրապես չեմ պատկերացնում ոչ մի եզր գործող իշխանության հետ։

 

-Դուք ձեր դիրքորոշումը հայտնե՞լ եք անձամբ Էդմոն Մարուքյանին։

Այո, հայտնել եմ կուսակցությանը։ Տեղյակ եմ պահել նախապես՝ մինչև սոցիալական մեդիայում հայտարարություն անելը։ Որևիցե խնդիր չկա, կուսակցության անդամները ըմբռնելով, հասկանալով, որ տեսակետների տարաձայնություններ ունեմ, կառուցողական մոտեցում են ցուցաբերել։

 

-Հետագայում ի՞նչ նպատակներ ունեք։

 

Ես ինքնանպատակ չէի հայտնվել Ազգային ժողովում, անկախ նրանից,  որ մեր քաղաքական ուժը դուրս էր մնացել պառլամենտից, այդուհանդերձ պիտի շարունակեի քաղաքական գործունեությունս։ Այս պարագայում նույնպես, անկախ նրանից, որ դուրս եմ գալիս կուսակցությունից, շարունակելու եմ և՛ քաղաքական, և՛ հասարակական ասպարեզում գործունեությունս ։

 

-Իսկ քաղաքական ասպարեզում ընդդիմադիր կուսակցությունների հետ համագործակցելու նպատակներ ունե՞ք

-Ոչ, շտապեմ ասել, որովհետև վստահ եմ, որ շահարկումներ կլինեն։ Ոչ մի նման առաջարկ չկա, ինքս էլ չեմ դիտարկում այս պահին, քանի որ չեմ տեսնում որևիցե ուժ, որի հետ հաշտ կլինեմ։ Ապագայում ինքս ինչպիսի նախաձեռնություններ կունենամ, դեռ չեմ կարող ասել։