Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Անգլիայի առաջին կորուստը չեմպիոնների լիգայում

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայում կայացան 1/8 եզրափակիչ փուլի հերթական պատասխան խաղերը:

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական դաշտում ընդունեց Մադրիդի «Աթլետիկոյին», որի հետ երեք շաբաթ առաջ ոչ-ոքի էր խաղացել նրա իսկ դաշտում` 1:1: Այս անգամ ուժեղ գտնվեցին հյուրերը, որոնք հաղթեցին 1:0 հաշվով և մտան քառորդ եզրափակիչ: Միակ գոլը խփեց Ռենան Լոդին, 41-րդ րոպեին:

«Մանչեսթեր Յունայթեդը» չորրորդ պարտությունը կրեց սեփական դաշտում չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլում: Ընդհատվեց նաև անգլիական թիմի խփած գոլերի շարքը, որը կազմում էր 13 անընդմեջ հանդիպում: Իսկ ահա «Աթլետիկոն» առաջին անգամ հաղթեց անգլիական թիմին վերջին` նրանց հետ անցկացրած վերջին 6 խաղերի ընթացքում:

Զուգահեռ ընթացող «Այաքս» - «Բենֆիկա» հանդիպումը նույնպես ավարտվեց հյուրերի նվազագույն հաղթանակով` 1:0: Միակ գոլը 77-րդ րոպեին խփեց Գոնսալու Ռամուշը: Այդպիսով, «Այաքսը» դուրս մնաց լիգայից, քանի որ քանի որ առաջին խաղն ավարտվել էր ոչ-ոքի` 2:2:

«Բենֆիկան» իր պատմության մեջ միայն երկրորդ անգամ կարողացավ հաղթել նիդեռլանդական ակումբների հետ անցկացրած 17 խաղերում: «Այաքսը» 1996թ հետո առաջին անգամ պարտություն կրեց սեփական դաշտում չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում: Մինչ այդ ամստերդամցիները տարել էին 4 հաղթանակ, իսկ 4 հանդիպում ավարտել էին ոչ-ոքի:

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի պատասխան վերջին խաղերը կկայանան այսօր, կեսգիշերին: Ֆրանսիական «Լիլն» իր հարկի տակ կընդունի Լոնդոնի «Չելսիին», իսկ իտալական «Յուվենթուսը»` իսպանական «Վիլյառեալին»: