Բացել լրահոսը Փակել լրահոսը
K2
A A
Քաղաքականություն

Արտակ Բեգլարյանը մասնակցել է Ստեփանակերտում մեկնարկած միջազգային համաժողովին՝ նվիրված սոցիալական աշխատանքի միջազգային օրվան

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը մարտի 15-ին Ստեփանակերտում մասնակցել է «Պատերազմ, մարդու իրավունքներ և սոցիալական աշխատանք» միջազգային համաժողովին, որին մասնակցում էին գիտնականներ ու սոցիալական աշխատողներ 22 երկրից: Համաժողովի համակազմակերպիչներն են Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան և ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը:

Ողջունելով համաժողովի աշխատանքը և շնորհավորելով սոցիալական աշխատանքի միջազգային օրվա կապակցությամբ՝ Արտակ Բեգլարյանը նշել է, որ ԱՀ կառավարությունը աջակցում է միջոցառման անցկացմանը՝ խորությամբ գիտակցելով սոցիալական աշխատանքի արժեքը: 

«2020թ. հումանիտար աղետից հետո ավելի հստակ է ուրվագծվել առկա խնդիրներին արհեստավարժ ու ինստիտուցիոնալ լուծումներ տալու անհրաժեշտությունը. օրախնդիր է հատկապես ճգնաժամը առաջին փուլում հաղթահարելու և ապա հետագա զարգացման համար ամուր հիմքեր ձևավորելու հարցը: Սոցիալական աշխատողները լավ են պատկերացնում, թե ինչպես են պատերազմները խեղում հազարավոր մարդկանց ճակատագրերը և ինչպես կարելի է ամոքել վերքերը:  Բացառություն չէ Արցախի բնակչությունը, որը շարունակում է տուժել կյանքի և այլ հիմնարար իրավունքների խախտման սպառնալիքներից՝ հարուցված Ադրբեջանի կողմից: Ուստի, կառավարությունը վճռական է շարունակելու պատերազմից հետո մեկնարկած ինստիտուցիոնալ բարեփոխումը սոցիալական աշխատանքի բնագավառում՝ նախաձեռնող ու արհեստավարժ մասնագետներով լուծելու խոցելի խմբերի բազմաթիվ հիմնախնդիրներ: Մենք գիտակցում ենք նաև, որ հայությունը միայնակ է պատերազմյան, հետպատերազմյան և մեկուսացման բոլոր հետևանքները հաղթահարելու հարցում, քանի որ միջազգային հանրությունը շարունակում է անհաղորդ մնալ մեր ցավին»,- իր խոսքում նշել է պետական նախարարը:

Համաժողովին ելույթներով հանդես են եկել նաև ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, Սոցիալական աշխատողների միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչներ, գիտնականներ ու սոցիալական աշխատողներ Արցախից, Հայաստանից ու այլ երկրներից: