«Այսօր իմ մոտ ոչինչ չէր ստացվում»
«Այսօր իմ մոտ ոչինչ չէր ստացվում: Ֆրոչն ավելի լավ մենամարտեց, այդ իսկ պատճառով էլ հաղթեց: Ինչ վերաբերում է Super Six մրցաշարի կիսաեզրափակիչ հանդիպմանը, ապա դարձյալ բարդ մենամարտ է սպասվում,սակայն ամբողջ ուժերս կներդնեմ, որպեսզի հաղթանակ տանեմ եւ մտնեմ եզրափակիչ» - բրիտանացի բռնցքամարտիկից կրած պարտությունից հետո հայտարարել է Գերմանիան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը:
Նշենք, որ մեր հայրենակիցը երեկ Հելսինկիում Super Six Boxing World Classic մրցաշարի շրջանակում մրցեց բրիտանացի բռնցքամարտիկ Կառլ Ֆրոչի հետ, որը միաժամանակ WBC վարկածով աշխարհի չեմպիոնի մենամարտ էր միջին քաշային կարգում:
Կողմերը շատ զգույշ սկսեցին եւ ավելի շատ ուշադրություն էին դարձնում ամուր պաշպանության վրա: 5-րդ ռաունդից սկսած Կառլ Ֆրոչն ակտիվացավ եւ սկսեց միավորներ վաստակել: Արթուր Աբրահամը շարունակում էր պաշտպանվել եւ վտանգավոր հակագրոհել` փորձելով նոկաուտի ենթարկել մրցակցին: Ավաղ, այդ մարտավարությունն այս անգամ չարդարացրեց իրեն եւ նա միավորներով զիջեց իր ախոյանին` 108:120, 109:120, 109:120: Այդպիսով, Արթուր Աբրահամը իր երկրորդ պարտությունը կրեց պրոֆեսիոնալ ռիգում (այս տարի նա զիջել էր նաեւ ամերիկացի Անդրե Դիրելին):