Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Հնարավոր չեղավ պարզել, թե ինչ փաստաթուղթ է ստորագրվել Եվրանեսթի նիստում․ Ղազինյան (տեսանյութ)

Ազգային ժողովի  ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համատեղ ասուլիսով հանդես եկան՝ ամփոփելով Եվրանեթս խորհրդրանական վեհաժողովը։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանն իր խոսքում նշեց, որ երեկ ընդամենը մեկ փաստաթուղթ դրվեց քվեարկության, որը մինչ այժմ հրապարակված չէ․ այն քվեարկության էր դրվել ոչ թե լիագումար նիստում, այլ բյուրոյի նիստում։

«Հայաստանի Հանրապետության պատվիրակության ղեկավարից որևէ կերպ հնարավոր չեղավ պարզել, թե վերջին հաշվով ինչ փաստաթուղթ է ստորագրվել և կոնկրետ ինչ դիրքորոշում է հայտնել Հայաստանի պատվիրակությունը»,- ասաց Ղազինյանը։

Ընդդիմադիր պատգամավորը անդրադարձավ Եվրանեթսի շրջանակներում ադրբեջանցի պատվիրակների Հայաստան ժամանելու հանգամանքին և նշեց, որ մինչ այդ բոյկոտում էին այս վեհաժողովի շրջանակներում Հայաստան այցելությունը, բայց երեկ եկել էին ու իրենց բավականին ազատ էին զգում։

«Հաշվի առնելով 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակը, պետք է թույլ չտային, որպեսզի ադրբեջանցի պատվիրակները գային Հայաստան, կամ եթե անհրաժեշտ էր վեհաժողովն անցկացվեր օնլայն ռեժիմով»,- հայտարարեց Արթուր Ղազինյանն՝ ընդգծելով, որ ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունները ներկայացան նիստին և հասցեական հայտարարություններ արեցին։

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն էլ, անդրադառնալով Լուգանսկի և Դոնեցի անկախության ճանաչման առնչությամբ ՀՀ ԱԳՆ հայտարարությանը, նշեց, որ սա ևս մեկ անգամ ի ցույց դրեց, թե որքան տկար է փաշինյանական արտաքին քաղաքականությունը։

«ՌԴ հայտարարությունները ցույց տվեցին, թե ինչ պետք է աներ Հայաստանը 44-օրյա պատերազմում»,- ասաց Մամիջանյանը՝ հիշեցնելով Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, թե՝ եթե ապրիլյան պատերազմի ժամանակ Ադրբեջանը մի քանի օր էլ շարունակեր ռազմական ագրեսիան, ապա Հայաստանը կճանաչեր Արցախի անկախությունը։

Հիշեցնենք՝  երեկ Երևանում տեղի ունեցավ Եվրանեթս խորհրդարանական վեհաժողովի ընդլայնված նիստ, որին մասնակցում էր նաև Ադրբեջանից ժամանած պատվիրակություն։

Մանրամասները՝ տեսանյութում։