Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր սպորտային նամականիշներ

Սպորտ
706d438e01ff0f4eca45ad14fa9f2c76

Հայ ֆիլատելիստները այսօրվանից կարող են հարստացնել իրենց հավաքածուն նոր նմուշներով: Երեւանի թիվ 10 փոստատանը մարվեցին «Հայփոստի» կողմից հրապարակած սպորտային թեմատիկային վերաբերող հերթական չորս նամականիշները:

Դրանցից առաջինի վրա պատկերված են մեր օլիմպիական չեմպիոններ` բռնցքամարտիկ Վլադիմիր Ենգիբարյանի, սկավառականետորդ Ֆաինա Մելնիկի եւ աշխարհահռչակ ծանրամարտիկ Յուրի Վարդանյանի դիմանկարները: Մյուս երեք նամականիշները նվիրված են 2010 թ ձմեռային օլիմպիական խաղերին, առաջին պատանեկան օլիմպիական խաղերին եւ ՀԱՀ-ում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնությանը:

Մարման արարողությանը մասնակցեցին ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Մանուկ Վարդանյանը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահներ Դերենիկ Գաբրիելյանը եւ Ռազմիկ Ստեփանյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:

«Այսօր, անշուշտ, մեծ տոն է ֆիլատելիստների համար, քանի որ սպորտային թեմային վերաբերող նամականիշները միշտ էլ մեծ պահանջարկ ունեն ամբողջ աշխարհում: Ի դեպ, ուրախությամբ պետք է փաստեմ, որ 2008 թ ամառային օլիմպիական խաղերում մենք ունեցել են նաեւ ոսկե մեդալ: Խոսքը վերաբերում է ֆիլատելիստ Յուրի Կուպալյանին, որը այդ խաղերի ժամանակ կայացած ֆիլատելիստների ցուցահանդեսում արժանացել էր առաջին մրցանակին», - ասաց ՀՖՄ նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Մարման արարողության վերջում «Հայփոստը» հաճելի նվեր մատուցեց մասնակիցներին` նվիրելով նոր նամականիշներից հատուկ պատրաստված ալբոմ: