Միայն օրինապահ վարքագիծը չի կարող դատապարտյալի խրախուսանքի պատճառ դառնալ․ քննարկում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԴատապարտյալը կարող է խրախուսվել, երբ դրսևորել է դրական վարքագիծ, օրինակ՝ կրթական հարցերում։
Մեդիա կենտրոնում քննարկվում էին դատապարտյալների խրախուսման մեխանիզմներն ու քրեակատարողական հիմնարկներում առկա խնդիրները։
Բանախոսներից մեկի՝ նախարարության քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի իրավաբան Ռոբերտ Ռևազյանի դիտարկմամբ՝ այսօր բալային համակարգը ներառում են կրթական, աշխատանքի ներգրավվածության, քրեական ենթամշակույթին ներգրավված չլինելու կետերը։
Բանախոսն ընգծեց, որ ռեժիմի դեպքում սանդղակն ավելի ցածր է։
«Դատախազության կողմից հաճախ դատապարտյալին արժանացված խրախուսումը այլ մեկնաբանություն է ստանում և չարաշահվում։ Այն է, թե դատապարտյալի դրական վարքագիծը նրա պարտականությունների մեջ է մտնում»,- նշեց Ռևազյանը։
Նա ներկայացրեց որոշակի տվյալներ․ 2019 թվականին 2200 տույժ է կիրառվել դատապարտյալների նկատմամբ, իսկ խրախուսանքների թիվը եղել է 90։
2020-ին 1828 տույժ, խրախուսանքների թիվը՝ 17, այսինքն մոտ 100 ով պակաս։ Դատախազությունը, ըստ էության, ամեն խրախուսանք միկրոսկոպի տակ է դնում։
Փակ, կիսափակ, հետո կիսաբաց և բաց՝ դատախազությունը որոշումները կասեցնում է և դիմում քրեակատարողական ծառայությանը, որից հետո փոխվում է դատապարտյալի կալանքի ռեժիմը։ Ըստ փորձագետի՝ դատապարտյալի հաճախակի տարբեր ՔԿՀ-ներ տեղափոխումը անմարդկային վերաբերմունք է։
Նրա գնահատմամբ՝ դեպքեր կան, երբ անգամ դատախազությունը չի հիմնավորել կասեցնելու անհրաժեշտությունը։
Ռոբերտ Ռևազյանը հատկանշական համարեց, որ դատախազությունը սահմանափակումներ չունի և կարող է կասեցնել նաև 10 տարի առաջվա խրախուսանքը։
Գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Լևոն Չարխիֆալակյանը, սակայն, չհամաձայնվեց Ռևազյանի տեսակետի և նեկայացրած թվերի հետ։
Նա նախ նշեց, որ չարաշահման տարրերի հետ կապված Ռևազյանի ձևակերպմանը խիստ բասացական է մոտենում։
Վիճակագրության մասին խոսելիս՝ Չարխիֆալակյանը նշեց, որ 2021-ի ընթացքում դատախազությունը իր սահմանադրական լիազորությունների շրջանակում խրախուսանքի և տույժի մեկական որոշում է կայացրել։
Խրախուսանքը կասեցվել է, քանի որ չի համապատասխանել գործող օրենսդրական կարգավորումներում տրված որոշումներին։
Չարխիֆալակյանն ընդգծեց․ «Մենք չենք կարող ընդունել, որ եթե դատապարտյալը հարգալից է քրեակատարողական աշխատակիցների նկատմամբ, ուրեմն պետք է խրախուսել դա․․․․ »։
Ըստ բանախոսի՝ դա դատապարտյալի պարտականությունն է։
Նա խնդիրը ձևակերպեց այսպես՝ միայն օրինապահ վարքագծի դրսևորումը չի կարող խրախուսանքի պատճառ դառնալ։
Չարխիֆալակյանը հիշեցրեց․ «2021-ի ընթացքում ունեցել ենք նաև խրախուսանքի մասով իրավաչափ որոշումներ»։
Նրա խոսքով՝ այդ տարի շախմատի առաջնության մրցումներին մասնակցել է դատապարտյալներից կազմված հավաքականը, որը զբաղեցրել է 3-րդ տեղը։ Հավաքականի անդամները որպես խրախուսում ստացել են կարճատև տեսակցության իրավունք հեռավար եղանակով։
Չարխիֆալակյանն ընդգծեց՝ անդամներից մեկը մինչև անգամ հանցածին վարքագիծ ուներ և քրեական ենթամշակույթի արժեքներ կրող էր, այնինչ նա ևս արժանացել էր խրախուսանքի։
Եթե քրեկատարողականում կա աշխատելու հնարավորություն, բայց դատապարտյալը դրանից չի օգտվում, հետևապես նա չի ցանկանում աշխատել՝ հավելեց բանախոսը։
Քննարկմանը անդրադարձ եղավ նաև քրեակատարողական հիմնարկներում աշխատանքի դեֆիցիտի և շատ այլ հարցերի։