Որպես նախագահ Էդմոն Մարուքյանի թեկնածությունը դիտարկելը բնական եմ համարում․ Անի Սամսոնյան
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականը մեծ քննարկումների առիթ է դարձել հանրության շրջանում։ Հասարակական-քաղաքական շրջանակները ամենատարբեր կարծիքներ են հայտնում հրաժարականի հետ կապ և շրջանառում նոր նախագահի անունը։ Այդ անունների շարքում է նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։
Այս թեմայի, ինչպես նաև խորհրդարանում տիրող մթնոլորտի մասին «Ա1+»-ը զրուցել է ԼՀԿ անդամ, քաղաքական գործիչ Անի Սամսոնյանի հետ։
-Տիկին Սամսոնյան, ինչու՞ հենց այս պահին հրաժարական տվեց նախագահ Սարգսյանը։
-Վերջին երկու տարում թե՛ մասնավոր զրույցներում, թե՛ հրապարակային կերպով նախագահը շատ է խոսել իր սահմանադրական լիազորություններից և շեշտել, որ դրանք որևէ լծակ չեն տալիս ՀՀ նախագահին ամբողջությամբ իրացնելու որոշումների կայացման կամ դրանց վրա ազդելու հնարավորությունները։ Սարգսյանը ժամանակ առ ժամանակ կողմ է արտահայտվել նաև երկրի կառավարման ձևը պառլամենտականից նախագահականի փոխելու։ Մինչև նախագահի հետ հանդիպելը ես ևս քննադատել եմ նրան որոշ պետական հարցերում պասիվ վերաբերմունք ցուցաբերելու համար, սակայն վերջին հանդիպման ժամանակ կարողացանք ավելի լուրջ անդրադառնալ այդ հարցին և ստացա անկեղծ պատասխաններ։ Այնպես որ, նախագահի հրաժարականի հարցը օդում կախված էր, բայց ժամանակի առումով դեռ անորոշ էր։ Ես կարծում էի, որ մինչև նախատեսվող սահմանադրական փոփոխությունները նախագահը չի հեռանա, սակայն իրադարձությունները ավելի արագ զարգացան։ Մտածում եմ, միգուցե Սահմանադրության հնարավոր փոփոխությունները նախագահը այլևս ռեալ չի գնահատել և որոշել է հիմա հրաժարական տալ։ Կամ ունի այլ պատճառ, որի մասին հանրությունը տեղյակ չէ։ Ես չեմ փորձի հրապարակային ենթադրություններ հնչեցնել, հատկապես այնպիսի կատաստրոֆիկ և սարսափելի, ինչպիսիք կարդում եմ սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում։ Կարծում եմ՝ նախագահի հրաժարականի տեքստը բավականին անկեղծ է։
-Ըստ Ձեզ՝ ու՞մ կառաջադրեն որպես նախագահի թեկնածու։
-Չեմ կարող ասել, որովհետև իմ տպավորությամբ՝ իշխանության համար նախագահի հրաժարականը այս պահին ևս անակնկալ է եղել։ Մեկ շաբաթ ժամանակ ունեն թեկնածու ընտրելու համար։ Ելնելով իշխանության կադրային քաղաքականության տրամաբանությունից՝ կարող եմ ասել, որ վարչապետը իր թիմակիցներին կդիտարկի, մյուս կողմից՝ չեմ բացառում նոր և թարմ մոտեցումները, որովհետև իշխանության կադրային ռեսուրսը այդքան էլ չի փայլում։
-Հավանական համարու՞մ եք Էդմոն Մարուքյանի թեկնածության առաջադրումը, քանի որ ձեր կուսակիցները ֆեյսբուքում նման հրապարակումներ են արել։
-Ինչպես ասում են՝ քաղաքականությունը հնարավորինի արվեստ է։ Ես երբևէ ոչինչ չեմ բացառել և չեմ բացառում։ Էդմոն Մարուքյանին մարդիկ դիտարկում են պարկեշտ, հասուն ոչ միայն քաղաքական, այլև պետական գործիչ, և ես բնական եմ համարում, որ մարդիկ կարող են դիտարկել նրա թեկնածությունը։ Բնականաբար կլինեն նաև կուսակիցներ, ովքեր կարող են ինչ-որ ոգևորություն ցուցաբերել։ Բայց մենք պրագմատիկ մարդիկ ենք՝ չկա առաջարկ, չկա քննարկում։
-Որպես նախկին պատգամավոր ինչպե՞ս եք գնահատում ԱԺ-ի աշխատանքը և մթնոլորտը։
-Գիտեք, երբ ես քննադատում եմ այս Ազգային ժողովի գործունեությունը, մարդիկ ինձ հակադարձում են՝ բա դուք էլ էիք նույնը անում։ Չնայած մենք նույնը չէինք անում, բայց ես հասկանում եմ, որ մինչև հիմա մարդկանց կյանքը պատերազմից առաջ և պատերազմից հետո չի փոխվել։ Իսկ իմը փոխվել է։ Հետևաբար ես չեմ կարող հասկանալ այսպիսի պառլամենտի գոյության իմաստը։