Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սուրեն Սահակյան
A A
Քաղաքականություն

Արմեն Սարգսյանին երևի ինչ-որ բան էին խոստացել․ Սուրեն Սահակյան

Նախագահի հրաժարականը սպասելի էր 2018 թվականից, որովհետև ինքը ուրիշ տեղ էր եկել, բայց ուրիշ տեղ հայտնվեց։

«Ա1+»-ի հետ զրույցում նման դիտարկում արեց քաղաքագետ Սուրեն Սահակյանն՝ անդրադառանալով պաշտոնաթող նախագահի հրաժարականին։

«Ինքը պինդ մարդ էր և ահագին դիմացավ իր համար անծանոթ նոր պայմաններին։ Փորձեց իր համար հարմար միջավայր ստեղծել, որտեղ լիազորությունները մեծ կլինեին, բայց չստացվեց։ Ինքն էլ, երևի մի քանի գործ ուներ՝ թողեց գնաց։ Կարգավորելուց հետո թողեց, գնաց»,-մեկնաբանեց քաղաքագետը։

Անդրադառնալով այն ռիսկերին, որոնք կարող են հաջորդել նախագահի հրաժարականին՝ Սուրեն Սահակյանն ասաց, որ այն մեծ ազդեցություն ունենալ չի կարող, քանզի նախագահի լիազորություններն էլ այդքան մեծ չէին։

«Ռիսկերը, որ ինչ-որ բան կփոխվի իր գնալուց հետո կամ իր լինել-չլինելով, մեծ չեն։ Խնդիրն այն էր, որ ինքը բան չէր որոշում»,- ասաց Սուրեն Սահակյանը։

Հարցին՝ երբ Արմեն Սարգսյանը ստանձնում էր նախագահի պաշտոնը, չգիտե՞ր ինչ լիազորություններ ունի, Սարգսյանն ասաց՝ վստահաբար գիտեր․ «Այնպես չէ, որ խելոք մարդ չէ։ Այն միջավայրը, որտեղ իրեն կանչել էին, երևի դրա համար ինչ-որ բան էին խոստացել։ Այդ միջավայրում երևի իրեն հարմար էր նույնիսկ այդ լիազորություններով»։

Անդրադառնալով հարցին, թե երկրի կառավարման ո՞ր մոդելը՝ նախագահակա՞ն, թե՞ կիսանախագահականն է իր համար ավելի ընդունելի, Սուրեն Սահակյանն ասաց՝ ընդունելի է ցանկացած ձևաչափ, որտեղ զսպումների ու հակակշիռի մեխանիզմը կաշխատի։

«Այս պարագայում՝ խորհրդարանական մոդելի պարագայում, որը մեզ մոտ գործում է, այդպիսի բան չկա։ Ու ստացվում է, որ գործադիր, օրենսդիր, դատական ամբողջ կառավարման լծակներն ու իշխանությունն անցնում է ուժի, որը կարող է նույնիսկ ընտրողների ձայների մեծամասնություն էլ չի ստացել, էլ չեմ ասում բնակչության ձայների մեծամասնությունը»,- ասաց Սահակյանը շեշտելով՝ սրանից ավելի լավ է կիսանախագահականը, երբ կա ընտրողի առաջնային մանդատով օժտված երկրորդ ինստիտուտը։

Հիշեցնենք՝ երեկ ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարեց իր հրաժարականի մասին։