Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess hajastan
A A
Սպորտ

Շախմատի ՀՀ տղամարդկանց առաջնության առաջատարը հաղթեց, կանանցը` ոչ

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն այսօր կայացան Հայաստանի շախմատի բարձրագույն խմբի առաջնության 6-րդ տուրի պարտիաները:

Տղամարդկանց մրցաշարի միանձյա առաջատար Մանուել Պետրոսյանը հաղթելով գործող չեմպիոն Հովհաննես Գաբուզյանին, վաստակեց 4,5 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Նրան հաջորդում են Շանթ Սարգսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը, որոնք նույնպես հաղթանակ տարան այս տուրում և այժմ ունեն 4-ական միավոր: Իսկ ահա վերջիններիս հետ համաքայլ ընթացող Հայկ Մարտիրոսյանն ու Արման Փաշիկյանը պարտություն կրեցին և զիջեցին դիրքերը:

Կանանց առաջնությունում կրկին երկիշխանություն է: Միանձյա առաջատար Սուսաննա Գաբոյանն այս տուրում ոչ-ոքի խաղաց Աստղիկ Հակոբյանի հետ և վաստակած միավորների քանակը հասցրեց 4,5-ին: Նրան հավասարվեց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը, որը վստահ հաղթեց վարպետության թեկնածու Նարե Առաքելյանին: Երկու առաջատարներից կես միավոր քիչ ունի գրոսմայստեր Մարիա Գևորգյանը, որն այս տուրում ոչ-ոքի խաղաց միջազգային վարպետ Նարինե Գասպարյանի հետ:

  Վաղը տղամարդկանց մրցաշարում հանգստյան օր է, իսկ հունվարի 19-ին նախատեսված 7-տուրում մրցաշարի առաջատար Մանուէլ Պետրոսյանը կմրցի Արման Փաշիկյանի հետ:

Կանանց առաջնությունն անցկացվում է առանց ընդմիջման: Հունվարի 18-ին նախատեսված 7-րդ տուրում միմյանց հետ կհանդիպեն երկու առաջատարները. Մարիամ Մկրտչյանը սպիտակներով կխաղա Սուսաննա Գաբոյանի հետ: