Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընդառաջեց ՁՄՖ-ի նախագահին

Սպորտ
072b3cff4aa8c08b8e685503eecd4fad

Հայաստանի ձյուդոի ֆեդերացիայի նոր նախագահ նշանակվեց ռումինացի Կոնստանտին Բոգդանը, իսկ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ ընտրվեց նրա հայրենակից Ադրիան Կրիոտուրուն:

Այդ մասին հայտնի դարձավ այսօր կայացած ձյուդոի հանրապետական ֆեդերացիայի արտահերթ նիստին, որը անցկացրեց Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Նա բացման խոսքում ասաց, որ հարգելով ձյուդոի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մարիուս Վիզերի խնդրանքը, որը մոտ մեկ ամիս առաջ այցելել էր Հայաստան եւ ծանոթացել մեր ձյուդոի ներքին խնդիրների հետ, ՀԱՕԿ-ը համապատասխան որոշում է կայացրել այսօր:

«Մարիուս Վիզերի հետ նախապես ձեռք բերված համաձայնությամբ մենք որոշեցինք ՀՁՖ-ի նախագահի պաշտոնը վստահել նրա կողմից ուղղարկված մասնագետին, որը սպորտի դոկտոր-պրոֆեսոր է: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել ռումինացի մասնագետ Ադրիան Կրիոտուրուն: Այս ամենը մենք անում ենք միմիայն հայկական ձյուդոի զարգացման եւ առաջընթացի համար»:

Նշենք, որ ՀՁՖ-ի նոր նախագահի բոլոր ծախսերը հոգալու է ձյուդոի միջազգային ֆեդերացիան, իսկ ահա գլխավոր մարզչի աշխատավարձը (ամսական 7000 եվրո) եւ մնացած ծախսերը իր վրա է վերցրել ՀԱՕԿ-ի նախագահը: Ադրիան Կրիոտուրուն, որը մասնակցել է օլիմպիական երեք խաղերի, հավաքականը կգլխավորի մինչեւ 2012 թվականի լոնդոնյան խաղերի ավարտը, իսկ ահա ՀՁՖ-ի նոր նախագահը առայժմ կծանոթանա նախկին նախագահ Ալեքսան Ավետիսյանի կատարած աշխատանքներին եւ համապատասխան եզրակացություններ կանի:

«Եթե նոր նախագահը դրական գնահատի Ավետիսյանի գործունեությունը, ապա վերջինս կշարունակի աշխատել ՀԱՕԿ-ում եւ ծառայել հայկական ձյուդոյին, իսկ եթե այն բացասական լինի, ապա համապատասխան պատիժ կսահմանվի»,- պարզաբանեց Գագիկ Ծառուկյանը: