Սադրանք
Իսպանական «Սպորտինգի» գլխավոր մարզիչ Մանուել Պրեսիադոն Մադրիդի «Ռեալի» խաղի ավարտից հետո շիշ է շպրտել արքայական թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի վրա: Ինչպես նշում են իսպանական լրատվամիջոցները, միջադեպի մանրամասները դեռ պարզաբանման գործընթացում է:
Ըստ վկաների, հանդիպման ավարտից հետո, մարզադաշտի ելքի մոտ, պորտուգալացի մասնագետը ավտոբուսի մեջից Պրեսիադոյին երկու մատներով ցույց է տվել լատինական V տառը: Դա զայրացրել է դաշտի տերերի տարեց մարզչին, որն այդ ժեստը ընդունել է որպես ծաղր (իբր իր թիմը 2-րդ դիվիզիոնում պետք է հադես գար):
Մանուել Պրեսիադոն ձեռքի տակ եղած շիշը նետել է Մոուրինյոյի վրա, սակայն այն դիպել է անցորդներից մեկին: Վերջինիս հանգստացնելու համար արդեն միջամտել են անվտանգության աշխատակիցները:
Հարկ է նշել, որ երկու մարզիչների հարաբերությունները լարված բնույթ են ստացել խաղից առաջ, երբ Մոուրինյոն հրաժարվել էր մասնակցել համատեղ մամուլի ասուլիսին, իսկ Պրեսիադոն նրան անվանել էր «չարակամ եւ անհամեստ անձնավորություն»:
Ի դեպ, այդ խաղը պորտուգալացի մարզիչը դիտել է տրիբունայից, քանի որ նախորդ հանդիպմանը որակազրկվել էր` եզրային մրցավարին վիրավորելու համար: