Աշխարհի չեմպիոնը վաճառում է մեդալը
2009 թվականի աշխարհի չեմպիոն, բուլղարացի բռնցքամարտիկ Դետելին Դալակլիեւը աճուրդի է հանել իր ոսկե մեդալը եւ 2009 թ Բուլղարիայի լավագույն մարզիկին հանձնված մրցանակը:
Ինչպես նշել է Բուլղարիայի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Պետար Լեսովը, իր սանը ստիպված է դիմել այդ քայլին. «Դալակլիեւը վերջերս երեխա է ունեցել եւ նա ցանկանում է առանձին ապրել ընտանիքի հետ: Այդ իսկ պատճառով նա վաճառքի է հանել ավտոմեքենան, մեդալը եւ տարվա լավագույն մարզիկի մրցանակը, որպեսզի կարողանա տուն գնել»:
Հավաքականի մարզիչը նաեւ նշել է, որ անվանի բռնցքամարտիկը նման ծայրահեղ քայլի է դիմել, քանի որ աշխարհի չեմպիոնի կոչման համար իրեն հասանելիք 30 հազար լեւ պարգեւավճարից դեռեւս ստացել է 7 հազարը, բացի այդ բռնցքամարտի ֆեդերացիան ուշացումով է վճարել այս տարվա առաջին 5 ամիսներին աշխատավարձերը:
«Ստեղծված իրավիճակը լրջորեն ազդել է Դետելինի մարտունակության վրա: Վերջերս Ռումինիայում անցկացրած մարտից առաջ նա պարզապես խոստավանեց, որ հոգնած է եւ չի ցանկանում մենամարտել», - պարզաբանել է Պետար Լեսովը: