Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ռուբեն Մեհրաբյան
A A
Քաղաքականություն

Ռուսաստանի միջուկային պոտենցիալը կարող է բախվել վճռական հակազդեցության․ ՆԱՏՕ-ում կոնսենսուս կա․ Ռուբեն Մեհրաբյան

Ռուբեն Մեհրաբյանի հարցազրույցը «Ա1+»-ին

-Պարոն Մեհրաբյան, արդյոք կարելի՞ է ասել, որ ՆԱՏՕ-ի կազմում գտնվող երկրները միաձայն նույն դիրքորոշումն ունեն Ռուսաստանի մեկուսացման կամ ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցում։

-Այստեղ կարևոր է արձանագրել, որ ՆԱՏՕ-ում կա միանշանակ կոնսենսուս՝ Ռուսաստանը ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցում վետոյի իրավունք չունի և չի կարող ունենալ։ Ռուսաստանը հետխորհրդային տարածքում չունի լեգիտիմ ազդեցության գոտի և չի կարող ունենալ։ Ռուսաստանը չի կարող որևէ երկրի ճակատագիրը որոշել կամ կանխորոշել։ Եվ եթե խոսքը գնում է ինչ-որ երկրի և ՆԱՏՕ-ի հարաբերությունների մասին, դա բացառապես ՆԱՏՕ-ի և այդ երկրի հարցն է։ Ահա ողջ իրականությունը։

Կրկնեմ՝ ՆԱՏՕ-ում կա ամբողջական կոնսենսուս։ Տարբերությունները՝ տակտիկական բնույթի։ Երկրներ կան, որոնք համարում են, որ երկխոսությունը ոչինչ չի տալու, և կան երկրներ որոնք համարում են, որ այնուամենայնիվ երկխոսություն պետք է։

-Որո՞նք են այն երկրները, որոնք Ռուսաստանի հետ երկխոսության հնարավորություն չեն տեսնում։

-Դրանք հիմնականում Ռուսաստանի հետ ընդհանուր պատմություն ունեցած երկրներն են, ընդ որում՝ ոչ իրենց կամքով։ Մասնավորապես՝ Լեհաստանը, Մերձբալթյան երկրները համարում են, որ այդ երկխոսությունը եթե նույնիսկ հնարավոր է, ապա դրա ելքը կանխորոշված է։ Երկրներ էլ կան, որոնք համարում են, որ բոլոր դեպքերում հարցերը պետք է լուծել երկխոսությամբ․ դա հիմնականում Գերմանիայի և Ֆրանսիայի դիրքորոշումն է։

-Վերջապես որքանո՞վ է իրատեսական Վրաստանի և Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցումը․ կարո՞ղ ենք համարել, որ որոշումը կայացված է։

-Դրա մասին ուղիղ տեքստով բազմիցս ասվել է ՆԱՏՕ-ում՝ մասնավորապես ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի կողմից, որ վաղ թե ուշ այդ երկրները, որոնք ցանկանում են լինել ՆԱՏՕ-ի կազմում, ստանդարտներին համապատասխանության դեպքում կլինեն ՆԱՏՕ-ի կազմում։

-Ռուսաստանը մտադիր չէ Արևմուտքի հետ հարաբերություններում վերադառնալ «երկաթե վարագույրին»՝ հայտարարեց Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ ՌԴ նախագահ Պուտինն էլ Բայդենի հետ զրույցում գրավոր երաշխիքներ պահանջեց ՆԱՏՕ-ի ազդեցության գոտու մասով։ Ինչպե՞ս է պատրաստվում Ռուսաստանը հակազդել ՆԱՏՕ-ին։

-Ինչպես տեսնում ենք, Ռուսաստանը բարձրացնում է խաղադրույքները։ Փորձում է ցույց տալ որ ոչ մի բանի առաջ չի կանգնելու, բայց մենք տեսնում ենք, որ դա առնանձնապես չի տպավորում ո՛չ ԱՄՆ-ին, ո՛չ ՆԱՏՕ-ին։ ՆԱՏՕ-ում կոնսոլիդացիայի աստիճանը էլ ավելի է բարձրանում։ Նույնիսկ առկա տարաձայնությունները դրվում են մի կողմ և միասնական դիրքորոշում է որդեգրվում այդ հարցերի հետ կապված։

ՆԱՏՕ-ն պարզապես քմծիծաղով փորձում է բացատրել, որ հնարավոր չէ պատերազմ հայտարարել համաշխարհային տնտեսության ՀՆԱ-ի 50 տոկոսին, այն էլ մի հետամնաց երկրի կողմից, որը ուղղակի միայն ածխաջրածինների հույսին է։ Որքան էլ Ռուսաստանի միջուկային պոտենցիալը լինի պատկառելի, բոլոր դեպքերում դրան էլ կա հակազդեցություն և այն կարող է լինել վճռական։ Դրա մասին շեշտում են և՛ ԱՄՆ-ում, և՛ ՆԱՏՕ-ում։

Ի վերջո, ամերիկյան ռազմական ենթակառուցվածքները մոտեցել են Ռուսաստանի սահմաններին։ Մի շարք չեզոք երկրներ նորագույն ամերիկյան զինատեսակներով են զինվում, մասնավորապես խոսակցություն կա, որ Ֆինլանդիան կարող է F35 ձեռք բերել․ ռազմական համակարգերը ադապտացվում են ՆԱՏՕ-ի ընդհանուր ռազմական մեքենային։ Միջերկրական ծովում էլ ԱՄՆ-ի ռազմածովային գերակայությունն է։ Որոշակի քանակ ռմբակոծիչներն ԱՄՆ տեղափոխել է եվրոպական մայրցամաք։ Դրանք առաջին հարվածի պոտենցիալի կարևորագույն տարրեր են։

Կարճ ասած՝ Ռուսաստանը որևէ բանի չի հասնում և չի կարող հասնել։ Նրա կողմից սկզբից ուլտիմատիվ տոնով խոսակցությունը փոխակերպվեց երկխոսության հրավերի, ինչն ԱՄՆ-ի կողմից ընդունվեց պատշաճորեն։ Փաստորեն՝ Ռուսաստանը, խախտելով միջազգային իրավունքի բազային սկզբունքները, ԱՄՆ-ից պահանջում է հրաժարվել 1945 թվականից հետո ձևավորված ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության սկզբունքներից, ինչը հնարավոր չէ։