ՀՖՖ ընդառաջեց «Շիրակին»
Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի ետնապահ Գյումրիի «Շիրակը» հաջորդ տարի դարձյալ հանդես կգա ուժեղագույների խմբում: Այսօր նման որոշում է կայացրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեն:
«Հաշվի առնելով այն, որ «Շիրակ» թիմը, որը 2010 թ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության արդյունքներով լքելու է բարձրագույն խումբը, ունի նոր հովանավոր, որը լայնածավալ աշխատանքներ է կատարում ակումբի ենթակառուցվածքները բարելավելու նպատակով, եւ Շիրակի մարզում ֆուտբոլի զարգացման գործընթացին աջակցելու նպատակավ, որոշվեց ընդլայնել 2011 թ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության կազմը եւ թույլ տալ «Շիրակ» թիմին մասնակցել վերը նշված առաջնությանը» - տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքէջը:
Հավելենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ բարձրագույն խմբին հրաժեշտ տված թիմը շարունակելու է ելույթները նույն խմբում: Սակայն առաջ ՀՖՖ-ն ստիպված էր նման որոշում կայացնում, քանի որ 1-ին խմբում հանդես էին գալիս միմիայն դուստր թիմեր, իսկ մեկ ակումբը իրավունք չունի երկու թիմ ներկայացնել բարձրագույն խմբում:
Ինչ վերաբերում է այս մրցաշրջանին, ապա «Շիրակին» պետք է փոխարիներ 1-ին խմբի հաղթող Երեւանի «Արարատը», որը անցած տարի նույնպես դուրս էր մնացել բարձրագույն խմբից, սակայն ՀՖՖ-ի գործադիր կոմիտեն չէր ցանկացել ընդառաջել ակումբին եւ թույլ տալ շարունակել ելույթները ուժեղագույնների խմբում: