Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

13-րդ համաժողովը սկսվեց

Սպորտ
09b9570eab9f609365c8eb5a7391183f

Այսօր «Արմենիա Մարիոտ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում իր աշխատանքները սկսեց ԱՊՀ եւ Բալթյան երկրների ազգային օլիմպիական կոմիտեների թվով 13-րդ համաժողովը:
Վերջինիս աշխատանքներին մասնակցում են նախկին ԽՍՀՄ 15 հանրապետություններից 11-ը: Բացակայում են Ադրբեջանի, Էստոնիայի, Թուրքմենստանի եւ Ղրղըզստանի ներկայացուցիչները:

Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, ով շնորհակալություն հայտնեց ներկա գտնվող երկրների ղեկավարներին` ՀԱՕԿ-ի հրավերը ընդունելու համար: Այնուհետեւ ԱՊՀ երկրների ազգային օլիմպիական կոմիտեների միության նախագահ Յուրի Յուրեւը ներկայացրեց համաժողովին մասնակցող երկրների ներկայացուցիչներին:

Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ դեսպան Չառլզ Լոնսդեյլը համառոտ ծանոթացրեց 2012 թվականին Լոնդոնում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքների հետ: Իսկ ահա Ռուսատանի ԱՕԿ-ի մենեջեր Ալեքսանդրա Սավինան մանրակրկիտ պատմեց 2014 թ Սոչիում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի նախապատրաստական ծրագրերի մասին: Նա, ինչպես նաեւ Չառլզ Լոնսդեյլը, հավաստիացրին, որ երկու օլիմպիական խաղերն էլ լինելու են էկոլոգիապես մաքուր, քանի որ կատարվող շինարարական աշխատանքները ոչ մի վնաս չեն հասցնի բնությանը:

Կարճատեւ ընդմիջումից հետո համաժողովը շարունակեց իր աշխատանքները, որի ժամանակ քննարկվելու են բազում թեմաներ, սկսած հակադոպինգային ծրագրերից, վերջացրած իրավաբանական հարցերով:

Հավելենք, որ հաջորդ, 14-րդ համաժողովը անցկացվելու է 2011 թվականի փետրվարին, Սոչիում: